Ռուսաստանի քաղաքացիները Իրանից կարող են դուրս գալ Հայաստանի տարածքով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածք հասցված լայնածավալ հարվածների և Թեհրանի պատասխան գործողությունների ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ՝ ռուսաստանցիներին կոչ անելով լքել տարածաշրջանը, այդ թվում՝ Իրանից դուրս գալ  Հայաստանի տարածքով։

Գերատեսչությունը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրան և Իսրայել այցելելուց մինչև իրավիճակի կարգավորումը, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորության դեպքում մեկնել ավելի անվտանգ շրջաններ կամ հարևան երկրներ։ Քաղաքացիներին կոչ է արվել պահպանել անվտանգության բոլոր կանոնները, չմոտենալ ռազմական և պետական օբյեկտներին, խուսափել զանգվածային միջոցառումներից և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։

Հաշվի առնելով Իրանի օդային տարածքի փակումը, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրից դուրս գալը հնարավոր է ցամաքային ճանապարհով՝ Ադրբեջանի (Աստարայի անցակետով) կամ Հայաստանի (Նուրդուզ/Ագարակ սահմանային անցումով) միջով։

Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:

Իրանական կողմը մարտի 1-ին հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել է նաև Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment