ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար դիտարկվում է Օմանի տարածքով Հայաստան մեկնելու տարբերակը։
Նախարարությունից նշել են, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում՝ հնարավորության դեպքում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել այս հայտը։ Նշվում է, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, ըստ հնարավորության, կաջակցի նաև ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
ԱԳՆ-ում հավելել են, որ թռիչքի կազմակերպման դեպքում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
ԱՄԷ-ից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները հետաձգվել էին փետրվարի 28-ին Իրանի և Իսրայելի միջև սկսված հակամարտության պատճառով։
Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Իրանի տարածքում «կանխարգելիչ» հարվածների մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
