Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ։ Այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ընտրական մեխանիզմը չէ, այլ աստվածաբանական մանդատը։ Այսպիսի համակարգում առաջնորդը պարզապես քաղաքական դերակատար չէ՝ նա գաղափարի մարմնավորում է, հավատքի խորհրդանիշ։
Աշխարհիկ ռեժիմների տապալման դասական տեսությունները այստեղ մեխանիկորեն չեն աշխատում։ Այստեղ պայքարը ծրագրերի կամ էլիտաների միջև չէ միայն այլ հավատքի, ինքնության և սրբազան ընկալումների դաշտում։ Իսկ հավատքը քաղաքական տեխնոլոգիաներով չի ապամոնտաժվում։
Պետք է հստակ հասկանալ, եթե խնդիրը ռեժիմի տապալումն է, ապա դա ավտոմատ կերպով չի տեղի ունենալու առաջնորդի սպանության արդյունքում։ Թեոկրատական պետություններում համակարգը վերարտադրվում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նախևառաջ գաղափարական հիմքով։ Անձի ֆիզիկական վերացումը չի նշանակում գաղափարի փլուզում այլ հակառակը առասպելացնում և սրբադասում է նրան:
Քաղաքական գործընթացները չեն լուծվում սպանություններով։ Հատկապես երբ խոսքը գնում է գաղափարական պետության մասին։ Ովքեր կարծում են, թե մեկ մարդու մահը բավարար է համակարգը քանդելու և արևմտյան մոդելի պետութուն կառուցելու համար, կամ չեն հասկանում թեոկրատիայի կառուցվածքը, կամ դիտավորյալ պարզեցնում են իրականությունը։ Աշխարհը կառավարում է գաղափարը, իսկ փողը գաղափարն աշխատեցնելու զուտ միջոց է»: