Չնայած որ ուղիղ մեկ օր Իրանի լրատվամիջոցներն ու պետական պաշտոնյաները պնդում էին, թե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին ողջ է և գտնվում է անվտանգ վայրում, այդուհանդերձ իրանական կողմը առավոտյան ընդունեց, որ Խամենեին զոհվել է դեռ նախօրեին Թեհրանում գտնվող իր նստավայրի հրթիռակոծության հետևանքով։
Հիմա Իրանում արդեն քննարկումներ են սկսվել նոր գերագույն առաջնորդի, որը նաև երկրի հոգևոր առաջնորդն է, ընտրության հարցով։ CNN-ը ներկայացնում է հավանական թեկնածուներին։
Նախ, գերագույն առաջնորդի նշանակման հարցով պետք է զբաղվի Առաջնորդության հարցերով փորձագետների վեհաժողովը։ Այս մարմինը կազմված է 88 հոգևորականներից։
Իրանի սահմանադրության համաձայն՝ իրավահաջորդի ընտրությունը պետք է իրականացվի որքան հնարավոր է արագ։ Ինքը՝ Ալի Խամենեին նշանակվել էր այն օրը, երբ մահացել էր նախորդ այաթոլահը, 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհհոլահ Խոմեյնին։
Սակայն ինչպես նշում է BBC-ի պարսկական ծառայության թղթակից Բեհրան Թաջդինը, դա խիստ բարձ կլինի, երբ Իրանը ենթարկվում է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը։
Ինչպես նշվում էր, ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից առաջ Իրանի ղեկավարությունը որոշել էր միանգամից մի քանի թեկնածուների անուններ, որոնք այդ պաշտոնյաների մահվան պարագայում, կարող էին փոխարինել իրանական ղեկավարության առանցքային բոլոր դեմքերին։
Չնայած Խամենեին չի նշել իր իրավահաջորդի անունը, CNN-ը, փորձագետների և վերլուծաբանների կարծիքները համադրելով, տվել է 5 հավանական թեկնածուների անունները։
Առաջինը Մոջթաբա Խամենեին է, որը 56 տարեկան է և Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Ենթադրվում է, որ Մոջթաբան դեռևս հոր կենդանության օրոք զգալի ազդեցություն է ունեցել և ամուր կապեր հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ԻՀՊԿ-ի հետ կապված «Բասիջ» կամավորական ռազմականացված կազմակերպության հետ: CNN-ը նշում է, որ Մոջթաբայի դեմ խոսում է ավանդույթը. հորից որդուն իշխանության փոխանցումը չի ողջունվում շիա մահմեդական հոգևորականների կողմից: Լրացուցիչ խոչընդոտ. Մոջթաբան պաշտոնական պաշտոն չունի: Մեկ այլ խանգարող հանգամանք էլ այն է, որ Մոջթաբան պետական պաշտոն չունի, նա նաև բարձրաստիճան հոգևորական չէ:
Ըստ CNN-ի՝ երկրորդ հավանական թեկնածուն Ալիռեզա Արաֆին է, որը 67 տարեկան է: Նա առավել քիչ հայտնի մարդ է, քան Մոջթաբա Խամենեին, հարգված և հեղինակավոր հոգևորական է ու Ալի Խամենեիի վստահված անձը: Հիմա նա զբաղեցնում է Փորձագետների վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը, որը ընտրելու նոր գերագույն առաջնորդին։ Նա անդամակցում է նաև Պահապանների խորհրդին, որը ստուգում է ընտրությունների թեկնածուներին և խորհրդարանի կողմից ընդունված օրենքները: Նա նաև ղեկավարում է իրանական հոգևոր դպրոցների համակարգը։ Այդուհանդերձ, Արաֆին քաղաքական մեծ կշիռ չունի, նաև սերտ կապեր չունի ուժային կառույցների հետ։
Երրորդ թեկնածուն էլ Մոհամմադ Մեհդի Միրբագերին է։ Վերջինս մոտ 60 տարեկան է: CNN-ը նրան անվանում է արմատական հոգևորական։ Նա ևս անդամակցում է Փորձագետների վեհաժողովին, որտեղ ներկայացնում է հոգևորականության ամենապահպանողական թևը: IranWire պարբերականի տվյալներով՝ նա ծայրահեղ հակաարևմտյան հայացքների տեր մարդ է և հավատացյալների ու անհավատների միջև հակամարտությունն անխուսափելի է համարում: Այժմ նա ղեկավարում է Իրանի հյուսիսում գտնվող Ղոմ քաղաքի Իսլամական գիտությունների ակադեմիան, որը խիստ կարևոր է շիաների համար։
Չորրորդ թեկնածուն Հասան Խոմեյնին է, որը մոտ 50 տարեկան է։ Խոմեյնին Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի թոռն է։ CNN-ը նշում է, որ նա պետական պաշտոններ չի զբաղեցրել և, ըստ երևույթին, մեծ ազդեցություն չունի Իրանի ուժային կառույցների կամ իշխող վերնախավի վրա: Խոմեյնին համարվում է նվազ արմատական գործիչ՝ համեմատած իր հասակակիցներից շատերի հետ, որոնց կյանքը կապված էր հետհեղափոխական տարիների հետ։
Վերջապես, հինգերորդ հավակնորդը Հաշեմ Հոսեյնի Բուշերին է, որն էլ մոտ 70 տարեկան է։ Նա բարձրաստիճան հոգևորական է, որը սերտորեն կապված է Փորձագետների վեհաժողովի հետ։ Այնտեղ նա զբաղեցնում է նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Առկա տվյալների համաձայն՝ Բուշերին մոտ հարաբերություններ է ունեցել Խամենեիի հետ, բայց միևնույն ժամանակ երկրում նշանավոր դիրք չի զբաղեցրել և, որքան հայտնի է, սերտ կապեր չունի ԻՀՊԿ-ի հետ:
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter