28 փետրվարի 2026 – 14:55 AMT
PanARMENIAN.Net – Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել խոցված հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով։
WAM պետական լրատվական գործակալությունը, հղում անելով ՆԳՆ տվյալներին, փոխանցել է, որ բեկորները ընկել են բնակելի շենքի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Հրթիռի բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասում, ինչը հանգեցրել է նյութական վնասի և ասիական երկրի քաղաքացու մահվան», – ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածներին ի պատասխան տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) փետրվարի 28-ին, գրում է Deutsche Welle-ն:
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ն արձանագրել է Իրանից հրթիռների արձակում Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ: Օդային պաշտպանության համակարգերը գործում են՝ սպառնալիքը որսալու համար»,-ասվում է X-ում:
Օդային տագնապ է հայտարարվել Իսրայելի ամբողջ տարածքում, իսկ բնակիչներին կոչ է արվել ապաստարաններում մնալ։
Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՌ) հայտարարել է, որ արձակել է «հրթիռների առաջին ալիքը» Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ որպես պատասխան Իրանի դեմ հարվածներին։ ԻՀՊԿ-ն շեշտել է, որ դա արձագանք է «իսրայելական ագրեսիային»։
«Տասնյակ հրթիռների» արձակման մասին հաղորդել է նաև NourNews գործակալությունը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանը հրթիռներ է արձակել նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Al Jazeera-ն հայտնել է, որ հրթիռներ են արձակվել նաև Կատարի և Բահրեյնի ուղղությամբ։ Կատարում, որտեղ տեղակայված է ամերիկյան Ալ-Ուդեյդ ռազմաբազան, իրանական հրթիռը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ Բահրեյնում, որտեղ գտնվում է ԱՄՆ ՌԾՈւ կենտրոնական հրամանատարության շտաբը, հաղորդվել է պայթյունների մասին։
Bahrain News Agency-ն հաղորդել է, որ Մանամայում հրթիռակոծության է ենթարկվել ԱՄՆ Հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնը։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք, ինչպես պնդվում է, ներկայացնում են հարվածներից մեկը։
Բարձրաստիճան իրանցի պաշտոնյան Al Jazeera-ին ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր «օբյեկտներն ու շահերը» Մերձավոր Արևելքում համարվում են «օրինական թիրախ»։
«ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ագրեսիա և պատերազմ, որը կունենա լայն և երկարաժամկետ հետևանքներ… Մենք ունենք համապարփակ պատասխան՝ առանց ժամանակային սահմանափակումների», – ասել է նա՝ նշելով, որ Իրանին ուղղված հանձնվելու կամ զսպվածություն ցուցաբերելու կոչերն «անընդունելի են և ընդամենը պատրանք»։
«Այս ագրեսիայից հետո այլևս չկան կարմիր գծեր, և հնարավոր է ամեն ինչ, ներառյալ այն սցենարները, որոնք նախկինում չէին դիտարկվում», – ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն դիմել է քաղաքացիներին՝ համատեղ ամերիկա-իսրայելական գործողությունը անվանելով «Առյուծի մռնչյուն»։
«Իսրայելը և ԱՄՆ-ը սկսել են գործողություն՝ Իրանում ահաբեկչական ռեժիմից բխող գոյաբանական սպառնալիքը վերացնելու համար… Այս արյունարբու ահաբեկչական ռեժիմը չպետք է զինվի միջուկային զենքով, որը թույլ կտար նրան սպառնալ ողջ մարդկությանը։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի խիզախ իրանցի ժողովուրդը կարողանա իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը», – ասել է Նեթանյահուն:
Միաժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գործողությանը տվել է այլ անվանում՝ «Էպիկական կատաղություն» (Epic Fury)։
Ըստ ծրագրերի՝ ԱՄՆ-ը և Իսրայելը նախատեսել են չորս օրվա ընթացքում ավարտել Իրանի դեմ պատերազմը։ Թրամփը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկներին վայր դնել զենքը։
Իրաքի կենտրոնական հատվածում գտնվող Բաբիլ նահանգի մի շրջանում իրականացված մի քանի ավիահարվածների հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է INA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի զինված ուժերի միացյալ հրամանատարության հայտարարությանը։
«Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Ջուրֆ էն-Նասր շրջանը ենթարկվել է մի քանի օդային հարվածների, որոնց հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ տուժել», – ասվում է հաղորդագրության մեջ:
2025 թվականին Իսրայելը ևս հարձակվել է Իրանի վրա՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը միացել էր իրանական հիմնական միջուկային օբյեկտների դեմ հարվածներին։ Այդ ժամանակ Իսրայելի գործողությունը կրել է «Վերածնվող առյուծ» (Rising Lion) անվանումը, իսկ Իրանը պատասխանել է բալիստիկ հրթիռների արձակմամբ, ինչը հանգեցրել է 12-օրյա պատերազմի։