28 փետրվարի 2026 – 11:50 AMT
PanARMENIAN.Net – Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով»: Թեհրանի կենտրոնական հատվածում հնչել է երեք պայթյուն, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին տեղափոխել են անվտանգ տեղ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
«Իրանի գերագույն առաջնորդը բացակայում է Թեհրանից, նա տեղափոխվել է անվտանգ վայր»,-հայտնել է գործակալությունը:
Ըստ Իրանի պետական ԶԼՄ-ների, Թեհրանի կենտրոնում 3 պայթյուն է լսվել և թանձր ծուխ բարձրացել: Որոշ թաղամասերում անջատվել է բջջային կապը, իսկ ինտերնետը թույլ է և անկայուն:
Fars-ը հայտնել է պայթյունների մասին Իսֆահան, Կում, Քարաջ և Քերմանշահ քաղաքներում:
Գործակալության տվյալներով՝ իսրայելական հրթիռները խոցել են Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Դանեշգահ պողոտան և Ջոմհուրի շրջանը։ Մեկ այլ գործակալություն՝ ISNA-ն, փոխանցել է, որ պայթյունից առաջացած ծուխ է բարձրացել նաև Թեհրանի մեկ այլ թաղամասում՝ Պաստուրում։
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը»:
Թել Ավիվում երկար դադարից հետո առաջին անգամ հնչել են օդային տագնապի ազդանշանները, իսկ բնակիչներին հորդորել են պատսպարվել պաշտպանված տարածքներում։
Թիկունքի հրամանատարության ծառայությունը երկրի բնակիչներին հաղորդագրություն է ուղարկել՝ անվտանգության իրավիճակով պայմանավորված խորհուրդ տալով գտնվել պաշտպանված տարածքների հարևանությամբ։
Իսրայելի պետական հեռարձակողը հայտնել է, որ Իրանի դեմ սկսված գործողությունն ստացել է «Եհուդայի վահան» անվանումը, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ կապված Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է լինելու ընդունել կարևոր և բարդ որոշում։ Նա նաև նշել էր, որ դժգոհ է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ընթացքից։