26 փետրվարի 2026 – 17:42 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի դիրքորոշումը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հարցում սկզբունքային է՝ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ մեղքով, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա ասել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված քայլերը պետք է կյանքի կոչվեն, հայտնում է Haqqin.az-ը:
«Ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մեղքով։ Մենք ակնկալում ենք, որ տվյալ փաստի առնչությամբ կընդունվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, կտրվի իրավական գնահատական և կվճարվեն փոխհատուցումներ»,-ասել է նա:
Նախարարը հավելել է նաև, որ «ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ AZAL-ի ինքնաթիռի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կոշտ և սկզբունքային է»։
2024թ․ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։
Դեկտեմբերի 27-ին ավիաընկերությունը պնդեց, որ ինքնաթիռը ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ դա են վկայում ավիավթարի պաշտոնական հետաքննության նախնական արդյունքները։