27 փետրվարի 2026 – 10:47 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին՝ նշելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից և վարձով է ապրելու: Այդ մասին ասվում է նրա ֆյսբուքյան տեսանյութում:
«Նշել էի, որ քաղաքացիական ամուսնությունս ավարտվում է, քանի որ մենք այլ ամուսնություն չունենք»,-ասել է նա:
Նա նշել է, որ մեքենա ու տուն չունի, իսկ որպես նվիրատվություն ստացած զարդերն ու իրերը, ինչպես նաև թանկարժեք հագուստը, թողնում է պետությանը:
«Ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնել ենք, գնվել է, դեռ շենքը կառուցման ճանապարհին է։ Հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան: Եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ հաշիվներ ունեմ դոլարային օֆշորային գոտիներում, չգիտեմ դղյակներ և այլն և այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվեհամարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից և եկամուտային հարկի վերադարձից կուտակված գումար»,-ասել է նա տեսանյութում:
Հակոբյանը նաև հայտնել է, որ կշարունակի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարձու աշխատանք է, ինչը «նրան շատ պետք է«: Նա նաև չի բացառվում, որ իր դեմ կարող է քրգործ հարուցվել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։
«Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք, կտեսնենք»,-ասել է նա:
Հակոբյանը տեսանյութին կից գրառում էլ է արել` հայտարարելով, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ։
«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։ Ձեզ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,-գրել է նա տեսանյութին կից:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ հարգանքով է վերաբերվում Աննայի որոշմանը:
«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա: