Չփորձեք այլևս նման հարցեր տալ, որովհետև, ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում. Գալյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան մասին

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկի մահվան դեպքին։

Նախարարը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ է ունեցել։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք իրեն մեղավոր չի զգում այդ մարդու մահվան համար։ Հարցը զայրացրեց նախարարին և նա հակադարձեց լրագրողին։

«Կներեք, այդ ի՞նչ հարց եք տալիս։ Իսկ Դուք ձեզ մեղավո՞ր եք զգում, երբ դրսում մարդ է մահանում։ Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տալ, որովհետև, ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված մեր լիազորությունները։

Նման մանիպուլյատիվ հարցեր այլևս ինձ չտաք։ Շատ եմ վրդովվում։ Հարցնում եք՝ դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք. ո՛չ։ Ի՞նչ եմ արել, կամ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Սրանից հետո ես Ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ անել»,- ասաց  Գալյանը։

Leave a Comment