26 փետրվարի 2026 – 13:50 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից։
«Պետք է հիշեցնեմ, որ մենք 2023 թվականի հոկտեմբերի19-ին հաստատել էինք Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, և սա պարունակում է մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ կատարված աշխատանքը հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ՝ շատ ավելի հստակ և տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները»,-ասել է նա, հայտնում է 1iurer.am-ը:
Նախարարը ներկայացրել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը։
«Մենք սկզբից իսկ կարևորել ենք, որ ծրագիրը մշակվի միջազգային լավագույն փորձի հիման վրա և համապատասխանի ժամանակակից քաղաքաշինական, կրթական և տեխնոլոգիական չափանիշներին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ գերմանական GMP ճարտարապետական կազմակերպությունը մշակել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։
«Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպության կողմից մշակվել է նաև «Ակադեմիական քաղաքի» քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը, որը հատկապես կարևոր է եղել ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման և այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Իտալական «Սիստեմատիկա» կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը: «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ «Ակադեմիական քաղաքի» կառավարման համակարգը։
Ներկայումս «Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի և հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների և գործընկերների հետ հարաբերություններով:
Բացի դրանից՝ մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման, արդեն իսկ նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու»,-ասել է նախարարը:
Նա հավելել է, որ կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, և այժմ ներկայացված նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները:
Ռիսկերի կառավարման և կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում, ինչը շատ կարևոր է։
«Ակադեմիական քաղաքի» շրջանակներում ներգրավվում է նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ մեկնարկելու են հանրապետությունում տաղանդների բացահայտման և զարգացմանն ուղղված աշխատանքները։ Այն հնարավորություն է ստեղծում կյանքի կոչելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված և պետական բարձր մակարդակում հնչեցված այն սկզբունքը, ըստ որի՝ կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել և առավելագույնս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով սեփական երկրում բարեկեցությունն ապահովելու հնարավորությունները։ Տաղանդների զարգացման ծրագիրը իրականացվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում՝ նպաստելով ծրագրի գաղափարի հստակ ներկայացմանը և հանրային վերաբերմունքի ձևավորմանը։
Հայեցակարգում ներկայացվել է նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման ընթացքը, որը ծրագրի արժեքի և բյուջետավորման գործընթացը դարձնում է ավելի համակարգված, ինչպես նաև ապահովում է ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ներգրավվածության ուղղությունը։ Նախատեսվել է փուլային իրականացման ռազմավարություն՝ նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրությամբ, ինչպես նաև հաշվետվողականության համակարգ, որը երաշխավորելու է ծրագրի թափանցիկությունն ու հանրային վստահությունը։
Առաջին փուլում կառուցվելու են մինչև 4250 ուսանողի համար նախատեսված կացարաններ, մեկնարկելու և իրականացվելու է հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահ-համաժողովների կենտրոնի կառուցումը՝ ավելի քան 74,000 քմ ծավալով, ինչպես նաև ավելի քան 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի ստեղծումը՝ կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով։
«Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք. մասնավորապես, այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները, և առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման և ոռոգման աշխատանքների համար մրցույթները, զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային և կազմակերպչական հարցերը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նա հավելել է, որ նախորդ տարի մեկնարկել են նաև տարածքի մաքրման աշխատանքները։
«Դա կարևոր եմ համարում, որովհետև տարածքը պետք է պատրաստ լինի շինարարական աշխատանքների համար: 2.7 հա տարածք մաքրվել է աղբից, և մոտ 10 հազար խմ աղբ հանվել է տարածքից: Սա հնարավորություն է տալիս, որ այս նախապատրաստական աշխատանքներից հետո կարողանանք մեկնարկել բուն գետնի վրա ենթակառուցվածքների հետ կապված գործերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։