Իլհամ Ալիևը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի Երևանի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Իմ տվյալներով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա մայիսին Հայաստանում, Ադրբեջանի նախագահի մասնակցություն չի նախատեսվում։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ Ալիևը մայիսին չի մեկնի Հայաստան։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսվում է եվրոպական երկրների առաջնորդների մասնակցությունը։ Գագաթնաժողովի աշխատանքներին չեն հրավիրվում միայն Ռուսաստանը և Բելառուսը։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին, նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ 

Երևանյան գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը երկօրյա այցով կլինի Երևանում։

2026 թվականի աշնանը գագաթնաժողովը կհյուրընկալի Իռլանդիան։

Լուսանկարը՝ VCG-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment