ՌԴ-ում քրգործ են հարուցել Դուրովի դեմ «ահաբեկչությանը նպաստելու» հոդվածով

ՌԴ-ում քրգործ են հարուցել Դուրովի դեմ  «ահաբեկչությանը նպաստելու» հոդվածով

25 փետրվարի 2026 – 14:10 AMT

PanARMENIAN.Net – Ռուսաստանի իշխանությունները «ահաբեկչությանը նպաստելու» հոդվածով քրեական վարույթ են հարուցել Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ։ Նա ինքն է հայտնել այդ մասին Telegram-ի ալիքում։

«Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են հորինում, որպեսզի սահմանափակեն ռուսաստանցիների մուտքը Telegram՝ ձգտելով ճնշել անձնական կյանքի անձեռնմխելիության և խոսքի ազատության իրավունքը։ Տխուր տեսարան է պետությունը, որը վախենում է սեփական ժողովրդից»,-գրել է Դուրովը։

«Ռոսիյսկայա գազետան», հղում անելով Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) «նյութերին», հայտնել է, որ 2024 թվականի մարտին Մոսկվայի մարզի «Քրոքուս Սիթի հոլում» իրականացված ահաբեկչության կատարողները իրենց գործողությունները համակարգել են Telegram-ի միջոցով։

Բացի այդ, պարբերականը պնդել է, որ մեսենջերը ենթադրաբար օգտագործվել է ռուսական քարոզիչների և բարձրաստիճան զինվորականների սպանությունների նախապատրաստման համար, այդ թվում՝ Դարյա Դուգինայի, Վլադլեն Տատարսկու (Մաքսիմ Ֆոմին) և գեներալ Իգոր Կիրիլովի դեպքում։

Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին ռուսական իշխանությունները խստացրել են ճնշումը թվային հարթակների և հաղորդակցության միջոցների նկատմամբ, գրում է Deutsche Welle-ն:

2025 թվականի օգոստոսից Ռուսաստանում արգելափակվել են Telegram և WhatsApp միջոցով կատարվող զանգերը։ Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ այդ քայլերը պայմանավորված են մեսենջերների օգտագործմամբ ահաբեկիչների և խարդախների կողմից։

Հոկտեմբերին գերատեսչությունը հայտնել է Telegram-ի և WhatsApp-ի աշխատանքի մասնակի սահմանափակման մասին՝ դա հիմնավորելով խարդախության դեմ պայքարով։ Հունվարին Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Անդրեյ Սվինցովը մեղադրել է Telegram-ին, որ այն «չափազանց դանդաղ է արգելափակում անանուն ալիքները», սակայն նշել է, որ ծառայության ամբողջական արգելափակում չի սպասվում։

«Կան անանուն Telegram-ալիքներ, որոնք գրում են ամեն տեսակ անհեթեթություններ, խեղաթյուրում փաստերը։ Թերևս այդ ալիքները Ռուսաստանի տարածքում այնքան էլ օպերատիվ չեն արգելափակվում», — հայտարարել է Սվինցովը։

Փետրվարի 10-ին Ռոսկոմնադզորը պաշտոնապես հաստատել է Telegram-ի աշխատանքը նպատակային դանդաղեցնելու մտադրությունը։ Գերատեսչությունում նշել են, որ ծրագրում են կիրառել «հերթական սահմանափակումներ»։ Պաշտոնապես կարգավորող մարմինը այդ միջոցները բացատրել է «ռուսական օրենսդրության խախտմամբ» և «քաղաքացիների անվտանգության» սպառնալիքով։

Ինտերնետային գրաքննության ոլորտի փորձագետները կարծում են, որ իշխանությունների իրական նպատակը Telegram-ի աստիճանական դուրսմղման համար պայմաններ ստեղծելն է՝ ինչպես դա տեղի է ունեցել YouTube-ի և WhatsApp-ի դեպքում, և օգտատերերին Ռուսաստանում պետական վերահսկողության տակ գտնվող մեսենջերների՝ առաջին հերթին Max-ի և VK-ի տեղափոխելը։

Leave a Comment