Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքի ժամանակ առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք, տեղեկանում ենք պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը: Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, վախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով թուլանա», – նշել է նա:
Այս խառնաշփոթ ժամանակաշրջանում, նշել է նա, Գերագույն հոգևոր խորհուրդը, հեղինակազրկվել է, և հապճեպ ու հուզական որոշումները խորացնում են հակամարտությունն ու այն դարձնում հանգույցային։ Ըստ Մաշալյանի՝ այդպիսին էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանի կարգալուծության որոշումը։ Նրա համոզմամբ՝ ճիշտը կլիներ սպասել այս եպիսկոպոսական ժողովին և այստեղ քննարկել Գևորգ և մյուս ընդդիմադիր սրբազանների հարցը։
Այս ամենից ելնելով՝ նա նկատել է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն այս շրջանում կարիք ունի հեղինակավոր խորհրդակցական մարմնի, որը կներշնչի սառնասրտություն և խոհեմություն։ Այդպիսի մարմինն էլ Պալսո պատրիարքը համարում է սինոդական կառույցը, որն իր կազմում կարող է ներառել նաև «որոշ ընդդիմադիր եղբայրների»։
«Այս սինոդական ձևաչափը կարող է հող նախապատրաստել կառավարության հետ ելքեր որոնելու համար։ Վեհափառ Հայրապետը միշտ ցանկացել է նման կառույց հիմնել․ անձամբ գիտեմ, սակայն այդ գաղափարը երբեք կյանքի չի կոչվել», – նշել է Մաշալյանն իր ուղերձում։
Նա նաև առաջարկել է սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։
Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականներ չէին կարողացել մեկնել Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին, որը ի սկզբանե նախատեսված էր ժողովի ձևաչափով: ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր:
