Աշխարհի լավագույն 50 համալսարան ընդունվածները զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան

Աշխարհի լավագույն 50 համալսարան ընդունվածները զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան

24 փետրվարի 2026 – 18:48 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ աշխարհի լավագույն 50 համալսարանն ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո, Հայաստանում կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու պարագայում, կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, հայտնում է Auroranews.am-ը:

Օրինագիծը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախաձեռնության շրջանակում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու նպատակով։

«Նախագիծը նրա մասին է, որ մեր այն քաղաքացիները, որոնք տարկետում են ստանում և ուսումնառությունը կազմակերպում են արտերկրի հեղինակավոր բուհերում, նաև հնարավորություն ստանան կրթական համապատասխան աստիճանն ավարտելուց հետո վերադառնալ և առնվազն 3 տարի աշխատել համապատասխան ոլորտում Կառավարության սահմանած կարգով, որից հետո կարող են, ըստ էության, ազատվել զինվորական ծառայությունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում նախագծի բովանդակության մեջ փոփոխություններ չեն կատարվել։

Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։

Leave a Comment