«Իշխանությունը ոչինչ չի անում», «շատ ենք ափսոսում», «կբանակցեն». քաղաքացիները՝ գերիներին ազատելու մասին

Ադրբեջանում 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու մյուս գերիները: Վերջինը հրապարակվեց Արրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը:

Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նախկին պետնախարարը պիտի անցկացնի ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում:

Վարդանյանի ընտանիքը, միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կեղծ են որակել այս մեղադրանքներն ու շեշտել, որ սա արդարադատության ծաղր է հիշեցնում:

Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե հնարավոր համարում են, որ ՀՀ իշխանությունները բանակցեն ու ազատեն նրան և մյուս գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներին։

Անցորդների մի մասը պատասխանել է, որ, իրենց կարծիքով, ՀՀ իշխանությունը չի բանակցել և չի բանակցում գերիներին, հատկապես Արցախի ղեկավարներին վերադարձնելու համար։

«Չեմ կարծում, իրենց վարած քաղաքականությունը դնում եմ ուրիշ կոնսեպցիայի մեջ։ Ժամանակավոր խաղաղություն հնարավոր է, բայց ստաբիլ խաղաղության համար պետք է հզոր բանակ ունենալ, հզոր տնտեսություն ունենաս։ Առանց դրա բարդ է լինելու»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ, Վարդանյանի մասին խոսելով, ափսոսանքով ասել է. «Շատ եմ ցավում, մեջներից լավ մարդը ինքն է։ Թող ՀՀ իշխանությունների մինչև հիմա մի բան անեին, ինչի՞ չէին անում, թող ակնարկեին, զգայինք՝ կողքներս կանգնած են»։

Հարցման մասնակիցներից մի քանիսն էլ վստահ են, որ ՀՀ իշխանությունը բանակցություններ վարում է գերիներին ազատելու և վերադարձնելու համար։

«Իհարկե բանակցում են։ Ես հավատում եմ»,- ասել է մի ուրիշ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment