
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային «միջուկային զենք և այն կիրառելու միջոցներ տրամադրելու մասին Նարիշկինի «կոնտորայի» տարածած տեղեկատվությունը տարածվել է Ժնևում նախատեսված՝ ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մեկնարկից երկու օր առաջ և ակնհայտորեն քաղաքական նպատակ է հետապնդում: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուկրաինական կարգավորմանը եվրոպական երկրների մասնակցությունը գնահատել է «ոչ օգտակար»:
Axsios-ը, հղում անելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի քաղաքական վերնախավում «ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի նկատմամբ խիստ դժգոհության մթնոլորտ է ձևավորվել»՝ կապված Ուկրաինայի հարցով բանակցություններում «Պուտինի կամայականություններին տուրք տալու հետ»: Լրատվամիջոցը խորհուրդ է տվել «ուշադրությամբ վերընթերցել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում պետքարտուղար Ռուբիոյի ելույթը»: Վերջինս, ինչպես հայտնի է, հիմնականում շեշտել է ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքակրթական ընդհանրությունը, հերքել տպավորությունը, թե «Նահանգները Եվրոպան միայնակ են թողնում»:
Մոսկվայի կողմից «միջուկային պատերազմի անոնսավորումը», որ թույլ է տրվել ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության և ՏԱՍՍ պետական գործակալության խմբագրականի, ինչպես նաև Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի «նախազգուշացման» մակարդակով, երևում է, մի էական նպատակ է հետապնդում, միջազգայնորեն «ահաբեկչականություն» վերագրել Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային և այդ կերպ չեզոքացնել ուկրաիանական կարգավորմանը և հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովման ներգրավվելու Փարիզի և Լոնդոնի ձգտումները:
Ուկրաինայի դեմ պատերազմի մի քանի փուլում Ռուսաստանը գրեթե բաց տեքստով սպառնացել է, որ իր նպատակներին հասնելու համար զերծ չի մնա «տակտիկական միջուկային զենք կիրառելուց»: Ըստ էության, Մոսկվան նույն թեզը էական նշանակության բանակցություններին ընդառաջ կրկին հնչեցնում է, բայց «ապոկալիպսիսի» պատասխանատվությունը բարդում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վրա: Կրեմլի «նախազգուշացման» իրական հասցեատերն, իհարկե, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, ով մեկ օր հետո ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսին: Կրեմլի «միջուկային պատերազմի անոնսը» հազիվ թե ամերիկյան օրենսդիրների ուշադրությունից դուրս մնա: Ի՞նչ պատասխան ունի Դոնալդ Թրամփը: