24 փետրվարի 2026 – 16:23 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում 2025 թվականին ձերբակալվել է 590 անձ։ Այդ մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Նա ներկայացրել է կառույցի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը և իրականացված կառուցվածքային փոփոխությունները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներում, ապա անդրադարձել է քննված քրեական վարույթներին։
2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ (ներառյալ կրկնակի վարույթները), որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված գործերից 273-ը՝ 661 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կարճվել է։ Կարճված գործերից 54-ի վերաբերյալ որոշումները դատախազը չի հաստատել, ինչպես նաև դատարան ուղարկված 8 գործի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել դատախազի կողմից։
2025-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերով դատի է տրվել 298 հանրային ծառայող։ Բացի այդ, առանձնացվել է 19 վարույթ և ներառվել հաղորդման մեջ։
Կոռուպցիոն հոդվածներով նախաձեռնված վարույթներից 2025-ին կարճվել է 565 գործ, որոնցից 433-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 132-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ այն դադարեցնելու որոշումներ են կայացվել 547 անձի վերաբերյալ։
Հարցուպատասխանի ձեւաչափում Արթուր Նահապետյանը ներկայացրել է կոռուպցիոն երեւույթների վերացմանն ու բացառմանն ուղղված քայլերը, խոսել ապօրինի հարստացմանն ու ապօրինի գույքի ձեռքբերմանը վերաբերող գործերի մասին: Անդրադարձ է եղել իրականացվող վարույթների մասով Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությանը, դատարաններում մեղադրական դատական ակտերի վիճակագրությանը:
2024 թվականի համեմատությամբ 2025-ին քննված վարույթների թիվն աճել է 12.9 տոկոսով, իսկ ավարտված գործերինը՝ 4.8 տոկոսով։