Վաշինգտոնը ձգտում է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին հասցնել մինչև հուլիսի 4-ը. Bloomberg

ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անկախության օրը։ Այդ մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։

Գործակալության զրուցակիցները նշում են, որ որևէ նշան չկա այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կնքել այդ գործարքը:

Սպիտակ տունը չի արձագանքել մեկնաբանություն ստանալու վերաբերյալ Bloomberg-ի հարցմանը:

CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևը խաղաղության պայմանագիր ստորագրի Ռուսաստանի հետ և անվտանգային ու տնտեսական բնույթի գործարքներ կնքի Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ, որոնք Ուկրաինային տրամադրելու են անվտանգության երաշխիքներ։ Զելենսկին նշել էր, որ Թրամփը ցանկանում է, որ դա լինի միաժամանակ ու ցանկալի է մեծ արարողության միջոցով։

Հատկանշական է, որ այս տարի կնշվի ԱՄՆ անկախության 250-րդ ամյակը։

Փետրվարի 7-ին էլ Զելենսկին նշել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պատերազմն ավարտել մինչև ամռան սկիզբ։ «Ինչո՞ւ հենց այս ամռան։ Հասկանում ենք, որ Ամերիկայում նրանց ներքին խնդիրները ազդեցություն ունեն և հավանաբար էլ ավելի արդիական կդառնան (նկատի ունի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք կկայանան աշնանը՝ խմբ.)»,- նշել է նա։

Կոլաժը՝ balkanweb.com-ից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment