24 փետրվարի 2026 – 12:03 AMT
PanARMENIAN.Net – Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից, ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում ունեցած ելույթում:
«Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։
Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ: Այս առումով Հայաստանը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում է Փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին մեր հավատարմության վրա։
Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ և զսպմամբ։ Այս սկզբունքներն անփոխարինելի են կանխատեսելիության պահպանման և սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։
Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից և Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ Հռչակագրի ստորագրմամբ, Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը և վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում»,-ասել է Միրզոյանը:
Նա նշել է նաև, որ արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող թռիչքաձև զարգացումները վերափոխում են ժամանակակից կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ռազմական բնագավառը:
«Ռազմական արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման ընթացքում իմաստալից մարդկային վերահսկողության ապահովումը կենսական նշանակություն ունի։ Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև դրանց հետևանքների համար պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է հաստատապես մնան մարդկանց ձեռքում և չեն կարող պատվիրակվել մեքենաներին։ Հայաստանն ընդգծում է, որ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի՝ զինված հակամարտությունների ժամանակ օրինական, պատասխանատու և էթիկական վարքագիծ ապահովելու համար։
Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ կերպով վնաս հասցնելու համար։ Հայաստանն ընդգծում է սպառազինությունների փոխանցման վերաբերյալ որոշումներում մանրակրկիտ, փաստահեն ռիսկերի գնահատման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել, որ զենքը չնպաստի անկայունության խորացմանը կամ պետական վերահսկողությունից դուրս գտնվող բռնության հրահրմանը։
Մենք հաստատապես հավատացած ենք, որ չնայած այսօրվա բարդ ու անորոշ միջավայրին՝ մենք կարող ենք համատեղ աշխատել զինաթափման և չտարածման խնդիրները հավասարակշռված, արդարացի և կայուն կերպով հասցեագրելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ դա ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած 4 միլիարդ դոլարի աջակցություն վառելիքի և սպասարկման միջոցով: