Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է Կոնջորյանի կոմիղց շուկայականից էժան գնով առանձնատուն գնելու տվյալները

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է Կոնջորյանի կոմիղց շուկայականից էժան գնով առանձնատուն գնելու տվյալները

24 փետրվարի 2026 – 11:29 AMT

PanARMENIAN.NetՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգողական գործողություններ է կատարում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ: Այս մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է «Փաստինֆոն»:

Կոնջորյանի կողմից շուկայական արժեքից էականորեն ցածր գնով անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ ստուգումների հարցը օրակարգ է բերվել միայն մամուլում հրապարակված նյութից հետո։

«Հետքը» պարզել էր, որ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամ արժեքով՝ հիփոթեկային վարկի միջոցով, և նշվել է, որ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկը»։ Նույն կառուցապատողի կողմից հայտարարված գների հաշվարկով նմանատիպ գույքի արժեքը կարող է կազմել մոտ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կարող է հասնել մոտ 21.6 մլն դրամի։

Մամուլում շրջանառվող տեղեկությունները մատնանշել են, որ առանձնատան հայտարարագրված արժեքը կարող է կապված լինել եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով սահմանված շեմի հետ, իսկ գործարքի կողմերի միջև առկա են բիզնես կապեր։

Նույն հրապարակման մեջ ընդգծվել է, որ 54 մլն դրամը պատահական ցուցանիշ չէ, քանի որ հիփոթեկային վարկի մասով եկամտահարկի վերադարձի գործող կարգով գործարքի պայմանագրային արժեքի համար սահմանված է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու նպատակով։ Բացի այդ, նշվել է, որ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Վերջինիս պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենն է Ավետ Կոնջորյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։

Մամուլի հրապարակումից ավելի քան երկու ամիս անց քրեական վարույթ դեռևս չի հարուցվել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգողական գործողություններ են իրականացվում։

Leave a Comment