Հոկտանյան․ Պետք է ստուգել նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքը

Հոկտանյան․ Պետք է ստուգել նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքը

23 փետրվարի 2026 – 18:37 AMT

PanARMENIAN.Net – Կոռուպցիայի դեմ պայքարում նախկինների ունեցվածքները դիտարկելուց զատ, պետք է գնալ նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից, հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Վարուժան Հոկտանյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ուժի մեջ է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով որպես թիրախ սահմանվել է, որ այս տարի կոռուպցիայի ընկալման համաթիվը պետք է հասնի 55-ի։ Նա նշել է, որ 2025 թվականին Հայաստանի ցուցանիշը 1-100 սանդղակում կազմել է 46, մինչդեռ առավելագույնը 100-ն է, հայտնում է Panorama.am-ը:

Փորձագետի խոսքով՝ միայն ընթացիկ տարում 9 միավորով բարելավում ապահովելը դժվար իրագործելի է, և ինքը նման առաջընթացի նախանշաններ չի տեսել։

Հոկտանյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը մշտադիտարկում է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացումը, որը լիարժեք չի կատարվել, իսկ որոշ դրույթներ ընդհանրապես չեն իրականացվել։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականից հասարակության սպասումները չեն արդարացել։

Նա նշել է, որ ստեղծվել են հակակոռուպցիոն մասնագիտացված մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն դատարաններ, սակայն իրավիճակը էականորեն չի փոխվել։

Արձագանքելով այն տեսակետին, թե պետք չէ լուրջ ընդունել 46 համաթիվը՝ Հոկտանյանը նշել է, որ ընդունված հինգ հակակոռուպցիոն ռազմավարություններում էլ այդ ցուցանիշը սահմանվել է որպես թիրախ։

«Այդ մշակույթն ունենք պետական մարմիններում, որ բոլորը մեղավոր են բացի իրենցից: Եթե մենք տարանջատում ենք բարձր և բարձրաստիճան կոռուպցիայի պատկերը և քանի որ ընկալումը 50 նիշից ցածր է, ապա այն փոքր մասշտաբի կոռուպցիա չէ, շատ ավելի բարձր է, բայց համակարգային որակելու համար պետք են լուրջ գնահատականներ…

Տենդերներում այդ շահերի բախման խայտառակ դրսևորումները և նվիրատվությունները, «դու ինձ՝ ես քեզ» սկզբունքի աշխատելը, որ դու նվիրատվություն ես անում («Իմ քայլը» հիմնադրամին), ստանում ես մաքսային, հարկային արտոնություն։ Այսինքն այս երևույթները կոռուպցիոն են»,-ասել է նա:

Փորձագետը կարևորել է իրավապահ մարմինների անկախությունը՝ նշելով, որ եթե հատկապես տենդերների և նման հարցերում խնդիրը չի լուծվել, ապա ձևավորվում են համակարգային կոռուպցիայի նախադրյալներ։

Նրա գնահատմամբ՝ ներկայում նկատվում է քաղաքական և տնտեսական վերնախավի սերտաճում, ինչը համակարգային կոռուպցիայի հիմնական սյուներից մեկն է։ Նա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է համարել նաև պարգևավճարների համակարգը՝ պարզաբանելով, որ նախկինում ծրարներով տրվող գումարներն այժմ մուտքագրվում են պետբյուջե և հետագայում վճարվում բաց ձևով։

Այն դիտարկմանը, թե հակակոռուպցիոն մարմինները կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով, Հոկտանյանը պատասխանել է. «Ես, դժբախտաբար, ստիպված եմ համաձայնել… Այստեղ մենք ունենք խնդիր, այն, որ կա սելեկտիվ մոտեցում, նայած, թե ով է դա անում, եթե դա արվում է ոչ իշխանականների կողմից, ապա բավականին խիստ են մոտենում»։

Նա առանձնացրել է նաև կարողությունների պակասը՝ հատկապես շահերի բախման ոլորտում, քանի որ շահառուների ռեգիստրը լիարժեք չի արտացոլում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց շրջանակը։ Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք և համապարփակ քայլեր։

«Նախկինների ունեցվածքները դիտարկելուց զատ, պետք է գնան նաև ներկաների ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից»,- հայտարարել է փորձագետը։

Leave a Comment