«Բուժում է Վարդանանցը». կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն՝ որպես բժշկական որակի երաշխիք

Գործընկերային բովանդակություն

Երբ որևէ գանգատով դիմում ենք բժշկի, ախտորոշումից մինչև բուժման փուլը բազմաթիվ հարցեր ենք ունենում, իսկ ամբողջ ընթացքը անորոշ ու անկանխատեսելի է թվում: Նման իրավիճակներում բուժառուի վստահության, բուժման կանխատեսելիության համար հաճախ կիրառվում են հիվանդությունների բուժման գործելակարգեր:

2026 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հանրությանը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն։ Այն նախատեսված է բժիշկների, ուսանողների, ինչպես նաև՝ բուժառուների համար։

Դեռևս 2022 թվականին լույս էր տեսել «Բուժում է Վարդանանցը» ժողովածուի առաջին հրատարակությունը, որը ներառում էր բուժման 137 գործելակարգ՝ անդրադառնալով ամբուլատոր պրակտիկայում առավել հաճախ հանդիպող հիվանդություններին:

Երկրորդ հրատարակությունը թարմացված է և ներառում է 371 բուժման գործելակարգ՝ 25 բժշկական մասնագիտացումներով, ներառյալ թերապևտիկ և վիրաբուժական ուղղությունները։ Դրանցից առաջին 137-ը խմբագրվել ու թարմացվել են՝ հաշվի առնելով վերջին 3 տարիների փոփոխությունները, արդիականացումը:

2022 թվականին ներկայացված առաջին ժողովածուից հետո՝ 4 տարվա ընթացքում, կուտակվել է գործելակարգային մոտեցումների կիրառման, բուժօգնության որակի վերահսկման և պացիենտակենտրոն մոդելների զարգացման նշանակալի փորձ։

Գործելակարգերը մշակվել են՝ հաշվի առնելով 2025 թվականի տվյալներով միջազգային առաջատար ուղեցույցները, հարմարեցվելով Հայաստանի առողջապահական համակարգին: Գրքում ընդգրկված գործելակարգերը  «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում ընդունված և առօրյա պրակտիկայում կիրառվող գործելակարգերն են:

2026 թվականի շնորհանդեսին հնչած բոլոր ելույթներում շեշտը դրվեց բուժառուի վրա՝ որպես առողջապահության հիմնական շահառու։

«Վարդանանց» նորարարական բժշկությանն կենտրոնի տնօրեն Լևոն Ալթունյանի խոսքով, բուժման ընթացքում ամենակարևոր բաղադրիչներից մեկը բուժառուի վստահությունն է բժշկի և բուժման նկատմամբ, իսկ գործելակարգերը և դրանց հասանելի լինելը նպաստում են այդ վստահության խորացմանը։

«2022 թվականին մենք առաջին անգամ ներկայացրեցինք «Բուժում է Վարդանանցը» գրքի առաջին հրատարակությունը, որը պարունակում էր 130-ից ավելի գործելակարգեր: Այսօր մենք ներկայացնում ենք եռահատոր հավաքածու: Սակայն գրքի արժեքը ոչ այնքան ծավալն է, ինչքան այդ աշխատանքի կենտրոնում պացիենտի լինելը»,- նշեց Լևոն Ալթունյանը շնորհանդեսին ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ ժողովածուն միաժամանակ անփոխարինելի նյութ է հետբուհական կրթության համար:

Առողջապահության նախարարության բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի խոսքով՝ ժողովածուն սեղանի գիրք է բոլոր ընտանեկան բժիշկների համար։

«Կարևոր է, որ առողջապահության ոլորտում բոլորն ունենան այս գրքից՝ խուսափելու ավելորդ ու ոչ արդյունավետ դեղեր ու հետազոտություններ նշանակելուց: Նմանատիպ նախաձեռնություններից շահում է և՛ բուժառուն, և՛ բժիշկը»,- շնորհանդեսին ասաց նա։

Ինչո՞ւ են գործելակարգերը կարևոր

Միասնական գործելակարգերն ապահովում են ախտորոշման և բուժման միանման մոտեցում, ինչը բացառում է սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք հաճախ սխալ են լինում, կամ ունենում են բացթողումներ։ Գործելակարգերը միաժամանակ «Վարդանանց» ՆԲԿ-ի  ղեկավարության համար որակի հսկողության գործիք են: Կարևոր գործոն է նաև բուժառուի իրազեկվածությունը, թափանցիկությունը և ընդունված որոշումների կանխատեսելիությունը: Ճիշտ սպասումների ձևավորումը հանգեցնում է գոհունակության և բժշկի նկատմամբ վստահության բարձրացման։ Բուժառուն ոչ թե պետք է կուրորեն հավատա բժշկին, այլ հաստատ իմանա, որ իր ստացած բուժումը ճիշտ է:

Առողջապահության ֆինանսավորման տեսանկյունից՝ ուղեցույցների և գործելակարգերի համատարած ներդրումը թույլ է տալիս խուսափել այնպիսի մանիպուլյացիաներից, ինչպիսիք են գերախտորոշումը։ Դրանց միջոցով կարելի է կանխել միջոցների վատնումը: Բուժառուն շահում է նաև բժշկի գործելաոճի մշտական թարմացումների, նորարարություններին ինստիտուցիոնալ կերպով հետևելու և ապացուցողական բժշկության տվյալներով ուղեցույցների տարեկան թարմացումների շնորհիվ:

«Բուժում է Վարդանանցը» հավաքածուն ներառում է ապացուցողական բժշկության ամենաբարձր կատեգորիայի գործելակարգեր, ինչը նշանակում է, որ հիմքում առնվազն մեկ պատահական ընտրանքի վրա հիմնված, խիստ վերահսկողությամբ իրականացված կլինիկական փորձարկում է: Ժողովածուն բացառիկ է այն իմաստով, որ այն հիվանդությունների բուժման գործելակարգերի՝ Հայաստանում առաջին միասնական ձեռնարկն է։ Մասնագիտական գերազանցության կենտրոնի փոխտնօրեն Թաթուլ Գևորգյանի խոսքով, ժողովածուն կազմվել է առօրյա պրակտիկայում առավել հաճախ հանդիպող  դեպքերը համադրելուց հետո:

«Մենք փորձել ենք ստեղծել համակարգային մոտեցում՝ խրախուսելով գործելակարգերի մշակույթը: Գործելակարգերի կիրառումը բժշկի առօրյայում հնարավորություն է տալիս կանխատեսելի որոշումներ կայացնել»,- նշեց Թաթուլ Գևորգյանը իր ելույթում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի թերապևտիկ ծառայության գծով փոխտնօրեն, բժշկական որակի գծով պատասխանատու Անահիտ Գևորգյանը բժշկական ոլորտում որակի ապահովման հիմք է համարում գործելակարգային բազայի ստեղծումը։

«Որակ, գործելակարգեր և շարունակական զարգացում տերմինները մշտապես քայլում են զուգահեռ և բխում մեկը մյուսից: «Բուժում է Վարդանանցը» ժողովածուն ներառում է առավել կիրառելի, տեղայնացված ու համապարփակ գործելակարգեր, որոնք առօրյա գործունեությունում հեշտացնում են բժշկի աշխատանքը: Ի տարբերություն սառած գործելակարգերի, որոնք ոչ միայն չեն օգնում բժշկին, այլև մի շարք կաղապարների մեջ են դնում, սա դինամիկ է, պարբերաբար թարմացվող ու բժշկի մասնագիտական զարգացմանը նպաստող»,- ասաց Անահիտ Գևորգյանը։

Գործելակարգերն այն նվազագույն բժշկական ստանդարտներն են, որոնք կիրառում է բժիշկը՝ բուժումն իրականացնելու ընթացքում։ Սակայն գործելակարգերը պետք է անընդհատ թարմացվեն:

«2022 թվականին հրապարակված գրքում գործելակարգերի 30 տոկոսը թարմացրել ենք։ Բժշկությունը շատ դինամիկ ու կենդանի է, նաև՝ արագ փոփոխվող, իսկ գիրքը ֆիքսված ֆորմատ է, այն պետք է պարբերաբար թարմացնել»,- ասաց ժողովածուի գլխավոր խմբագիր, «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։

Նրա խոսքով, գործելակարգերի արդյունավետությունը հասկացել են իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում։

«Գործելակարգերը ներառված են մեր կենտրոնի էլեկտրոնային ծրագրում: Բժիշկը բուժում կամ խորհրդատվություն անելիս իր մոտ անընդհատ տեսնում է և՛ գործելակարգերը, և՛ բուժման ընթացքում շեղումները։ Եթե լինում են շեղումներ, դրանք ուսումնասիրում ենք ու թարմացնում գործելակարգերը»,- ասաց Հարություն Մանգոյանը։

Հենց այս թարմացումների շնորհիվ հաճախ բժիշկները կարողանում են բուժման ընթացքում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք օգտակար չեն, արդյունավետ չեն ու ծախսատար են։

«Մենք տեսել ենք, թե ինչ թեմաներ են, որոնք բժիշկներին ավելի շատ են հետաքրքիր, որ հիվանդություններն են տարածված, որտեղ կան ավելի շատ հարցեր, վերցրել ու հավաքագրել ենք բոլոր թեմաները, տեսել ենք՝ ինչ է ասում աշխարհը այդ թեմաներով: Այդ ամենին ավելացրել ենք մեր տեղական փորձառությունը, ինչով և ժողովածուն ունիկալ է»,- նշեց Հարություն Մանգոյանը։

Հարցին՝ արդյոք նման ժողովածուի հրատարակումը մարդկանց չի մղի ինքնաբուժման, Հարություն Մանգոյանն ասաց, որ այս առումով գիրքը վտանգավոր է այնքանով, ինչքանով արհեստական բանականությունը։

«Ինֆորմացիա չտալով՝ դու այդ խնդիրը չես լուծում։ Բուժառուն պետք է իմանա՝ իրեն ոնց են բուժում, ե՞րբ պետք է ինքը զգա իր վիճակի փոփոխությունները, և որո՞նք են լինելու բժշկի հերթական քայլերը»,- ասաց Հարություն Մանգոյանը։

Ժողովածուում ներառված նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումն իրականացրել է «Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը։ Ժողովածուն նախապես ներկայացվել է քննարկման և մասնագիտական գնահատման Առողջապահության ազգային ինստիտուտի Գիտական խորհրդին, որի անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։

Գործելակարգերը թվայնացված են և ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին։ Մեկնարկել է նաև դրանց վերափոխումը Moodle թվային ուսուցման հարթակի համար։ 2027 թվականին «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերն առաջարկել Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։

Ժողովածուն հրատարակվել է հայերեն, սահմանափակ տպաքանակով, իսկ  թվային տարբերակը շրջանառվելու է նաև ռուսերեն ու անգլերեն:

Լուսանկարները՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment