Դատական ակտը չկատարելու համար քրեական պատասխանատվության հարցը հանրային հետաքրքրություն առաջացրեց, երբ 2026թ. հունվարի 31-ին Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամները ոստիկանության միջոցով, որպես մեղադրյալ հրավիրվեցին Քննչական կոմիտե: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Օրենքի պահանջը տարածվում է բոլորի վրա, սակայն ոչ բոլորի նկատմամբ է հավասար կիրառվում։ Դատական ակտը չեն կատարել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում։
.jpg)
Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հատկանիշներով 2019-2024 թվականներին 422 քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ վարույթներից միայն 22-ն է ուղարկվել դատարան, 169-ն արդեն կարճվել է: Գլխավոր դատախազությունը դեռ չի ամփոփել 2025թ.-ի տվյալները, սակայն «Հետքին» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ամենաշատ վարույթները նախաձեռնվել են 2024թ.-ին՝ 144: Դատարան ուղարկված գործերով 22 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:
.jpg)
Քրեական օրենսգրքի 507 (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը), հոդվածի մասին շատերը գուցե չգիտեին: Այդ հոդվածով հարուցված քրեական վարույթները վերաբերում են այն դեպքերին, երբ անձը դիտավորությամբ չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը, վճիռը կամ այլ դատական ակտը։
.jpg)
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանին։ Ավելի ուշ՝ 2026թ. փետրվարի 14-ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական հայցի հիման վրա դատարանի միջանկյալ որոշումը կատարելուն խոչընդոտելու մեղադրանքով: Նրանց նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու՝ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Հիշեցնենք՝ 2026թ. հունվարի 10-ին Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Ըստ Մայր Աթոռի՝ նա չարաշահել է առաջնորդ լինելու հանգամանքը, թերացել է պարտականությունների կատարման մեջ, թեմի հոգևորականների նկատմամբ գործադրել է հարկադրանք ու ճնշումներ։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդգար Հովյհաննիսյանի, 2026թ. հունվարի 16-ին հայցի ապահովման միջոց է կիրառել: «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն արգելվել է իրականացնել որևէ գործողություն, որը կարող է խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, կատարել թեմի առաջնորդի իրավասություններն ու պարտականությունները։
Դատարանի որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ: 2026թ. հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Օրենքի առաջ բոլո՞րն են հավասար
Նույն արագությամբ քրեական վարույթներ չեն նախաձեռնվում, երբ դատական ակտը չեն կատարում կամ դրա կատարմանը խոչընդոտում են իշխանությունների թիմակիցները: Մասնավորապես՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի և Արթուր Հովհաննիսյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջներով:
2023թ. ապրիլի 4-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խոչընդոտել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթը: Վիրավորական արտահայտություններ են թույլ տվել` ակնհայտ բացասական, ծաղրող հնչերանգով։ Նիստի ընթացքում պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Արթուր Հովհաննիսյանը կոպիտ բառապաշարով վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Ղազարյանի հասցեին:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 2024թ․ փետրվարի 28-ին Էդգար Ղազարյանի հայցը մասնակի բավարարել է։ Պարտավորեցրել է Ռուստամ Բաքոյանին ներողություն խնդրել Է․ Ղազարյանից վիրավորական արտահայտությունների համար՝ հրապարակելով հետևյալ տեքստը․ «Ես՝ Ռուստամ Զուրբայի Բաքոյանս, ներողություն եմ խնդրում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից «Դուք ուղեղ չունեք», «Էս անուղեղին բացատրեք…», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի՞ են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսու՞մ ես, արա՛, դու շատ փոքր ես, ա՛յ տղա», «Սու՛ս մնա, արա՛» վիրավորական արտահայտությունների համար»։
Դատարանի որոշմամբ՝ ներողության տեքստը պետք է հրապարակվի Ազգային ժողովի և «1in TV» լրատվականի «Youtube» սոցիալական կայքի պաշտոնական էջերում: Բաքոյանից հօգուտ Ղազարյանի բռնագանձվել է նաև 1 մլն դրամ՝ որպես վիրավորանաքի համար ոչ նյութական վնասի հատուցում և 250 հազ․ դրամ՝ դատական ծախս։
Ռուստամ Բաքոյանը բողոքարկել է վճիռը։ Վերաքննիչ դատարանը վիրավորանք չի համարել միայն «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք» արտահայտությունը և հանել այն ներողության տեքստից, մնացած մասով դատական ակտը թողել է անփոփոխ: Պատգամավորը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն վարույթ ընդունելը մերժվել է։
Էդգար Ղազարյանն ասում է, որ Բաքոյանը ինքնակամ չի վճարել փոխհատուցման գումարն ու դատական ծախսերը, դրանք հարկադիր կարգով են բռնագանձվել։ Իսկ ներողության տեքստը մինչ օրս չի հրապարակվել։
Է․ Ղազարյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ դատական ակտը չկատարելու վերաբերյալ։ Վեդիի քննչական բաժնում քրեական վարույթ հարուցելը մերժվել է։ Քննիչի որոշումը բողոքարկվել է Արարատի մարզի դատախազին, սակայն դատախազը ևս բողոքը մերժել է։ Դրանից հետո Էդգար Ղազարյանն այս որոշումների օրինականությունը վիճարկում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, որպեսզի դատարանը պարտավորեցնի վարույթ նախաձեռնել։
«Գրավոր դիմել եմ նաև Ազգային ժողովի երեք խմբակցություններին, որպեսզի և՛ Ռուստամ Բաքոյանի և՛ Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու նպատակով ստեղծվի Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, սպասում եմ նաև այդ ընթացքին»,-ասում է Էդգար Ղազարյանը։
Արթուր Հովհաննիսյանին վերաբերող գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025թ. փետրվարի 27-ին Ղազարյանի հայցը մասնակի բավարարել է: Արթուր Հովհաննիսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար հետևյալ հրապարակային տեքստով․ «Ես` Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, 2023 թվականի ապրիլի 4-ին հրավիրված ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի հասցեին հնչեցրել եմ «Կարող ա՞ սա ցիրկ ա, ծաղրածու՞ եք բերել Ազգային ժողով», «Սա ծաղրածու է», «Էս ո՞ւմ եք բերել ԱԺ, սա խայտառակություն ա», «Հետդ եմ խոսում, արա՛», «Ո՞վ ես դու, արա՛», «Նայի դու էլ չմտնես մկան ծակերը», «Այս թեկնածուն խայտառակություն ա ուղղակի», «Արա՛, էս ինչե՞ր ես խոսում», «Տնից չես բերել էս սեղանը, արա՛», «Խաբել, բերել են քեզ ստեղ, արա՛», «Ռա՛դ արեք, թող գնա սրան», «Էս ծաղրածուին հեռացրե՛ք ստեղից», «Ճամփե՛ք, թող գնա սա ստեղից, սա ծաղրածու ա», «Էս ո՞ւմ եք բերել ԱԺ, սա խայտառակություն ա», «Այս թեկնածուն խայտառակություն ա ուղղակի», «Հետդ եմ խոսում, արա՛», «Ո՞վ ես դու, արա՛», «Արա՛, էս ինչե՞ր ես խոսում», «Տնից չես բերել էս սեղանը, արա՛», «Խաբել, բերել են քեզ ստեղ, արա՛», «Ռա՛դ արեք, թող գնա սրան» վիրավորական արտահայտությունները, ինչի համար ներողություն եմ խնդրում»։
Այս դեպքում էլ դատարանը պարտավորեցրել է ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքերի՝ Ազգային ժողովի և «1in TV» լրատվականի «Youtube» սոցիալական կայքի իրենց պաշտոնական էջերում: Արթուր Հովհաննիսյանից հօգուտ Էդգար Ղազարյանի բռնագանձվել է նաև 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում և 250 հազ․ դրամ դատական ծախս։
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բողոքարկել է վճիռը, սակայն 2025թ. հոկտեմբերի 24-ին մերժում է ստացել՝ վճիռը մնացել է անփոփոխ: Մեկամսյա ժամկետում Ա. Հովհաննիսյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Պատգամավորը վճարել է 1 մլն դրամ վնասի հատուցումը և դատական ծախսերը, սակայն մինչ օրս ներողության տեքստը չի հրապարակվել, և նա ներողություն չի խնդրել: Այսինքն՝ դատական ակտն ամբողջությամբ չի կատարվել:
Դատական ակտը չկատարելու հատկանիշներով Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում 2026թ. փետրվարի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսօր՝ 2026թ․ փետրվարի 23-ին, Է. Ղազարյանին հրավիրել են քննչական բաժին:
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է փաստի առթիվ: Սահմանադրական կարգավորումը նախատեսում է, որ պատգամավորը չի կարող կալանավորվել կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանքը կատարելիս կամ անմիջապես հետո։ Երբ որոշվում է պատգամավորին ներգրավել որպես մեղադրյալ, այդ պահից առաջանում է ԱԺ-ի համաձայնության անհրաժեշտություն։ Գլխավոր դատախազը պետք է դիմի ԱԺ՝ համաձայնություն ստանալու:
Ազգային Ժողովը չի որոշում՝ հանցակազմ կա՞, թե ոչ։ Ուղղակի որոշում է՝ թույլատրե՞լ քրեական հետապնդում տվյալ պատգամավորի նկատմամբ, թե՞ ոչ։ Անձեռնմխելիությունը պատգամավորին չի ազատում պատասխանատվությունից, պարզապես սահմանում է ընթացակարգային լրացուցիչ արգելք՝ մինչև ԱԺ համաձայնությունը։
Իրավական տեսանկյունից ԱԺ-ն միջնորդությունը մերժելու լիազորություն ունի։Սակայն, տեսականորեն այս մեխանիզմը նախատեսված է ոչ թե պատգամավորին քրեական պատասխանատվությունից ազատելու, այլ նրան քաղաքական ճնշումներից պաշտպանելու նպատակով։ Մինչդեռ «կամայական» համաձայնություն չտալը հակասում է Սահմանադրության նպատակին: Այսինքն՝ անձեռնմխելիությունը նախատեսված է պատգամավորին պաշտպանելու քաղաքական ճնշումներից, ոչ թե արտոնի՝ չկատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը։ Այդ տեսանկյունից՝ չպետք է վերածվի քաղաքական պաշտպանության մեխանիզմի։ Այնուհանդերձ, ԱԺ որոշումները քաղաքական բնույթ ունեն և դատական կարգով վերանայում չեն նախատեսում:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter