
Դերասան Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ «գյումրեցիներ ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր» արտահայտությանը, ասել է. «Գյումրին երբեք գյուղ չի դառնա, Գյումրին միշտ քաղաք է եղել: Մինչև Գյումրի մտնելը, Գյումրու մասին խոսելը, մի հատ պատմությունն ուսումնասիրեք: Գյումրի եք գովաբանում, բայց ասում եք՝ գյո՞ւղ: Գյումրին դրանից չի վիրավորվի, Գյումրին իր արժեքն ունի, ե՛ս եմ վիրավորվում: Ես Գյումրիում չեմ ծնվել, իմ մանկությունն է էնտեղ անցել, իմ արմատները Գյումրիից են: Էդ քաղաքն իմ հպարտությունն է, էդ քաղաքի հետ զգույշ եղեք»:
Նշենք, որ տեսանյութը քննարկումների թեմա էր դարձել համացանցում: ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանը գրել էր. «Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել»: Բլոգեր Արամ Գևորգյանն էլ այսպես էր արձագանքել ՔՊ-ականներին. «Կուզեի՞ք Արցախն էլ խոսքի մեջ, պատահմամբ գյուղ ասեին, բայց մերը՝ հայկական լիներ»: