Ավելի քան 4 մլն դրամ՝ 6 տարվա համար. Թորոսյանը ներկայացրել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստի հաշվարկը (ՎԻԴԵՈ)

Նախարարը ներկայացրել է, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ որքան գումար է տրամադրվում ընտանիքին. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստի տրամադրմանը և մանրամասներ հայտնել։


«Կառավարության նախորդ նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը: Այն այսուհետ պետական նպաստ է համարվում և վճարվում է երրորդ և հաջորդ երեխային ամսական 50 հազար դրամի չափով մինչև 6 տարեկան», – հայտնել է Թորոսյանը։


Նախարարը ներկայացրել է, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ որքան գումար է տրամադրվում ընտանիքին, եթե ամսական նպաստի չափը 50 հազար դրամ է:


Թորոսյանը հայտնել է, որ երբ այդ 50 հազար դրամը բազմապատկում ենք 12-ով, տարեկան ստացվում է 600 հազար դրամ, իսկ 600 հազարը բազմապատկում ենք 6 տարով, որը հավասար է 3 միլիոն 600 դրամ, որը, ըստ նախարարի, մի  քիչ է փոքր 10 հազար դոլարից։


Նախարարը նաև հայտնեց, որ քանի որ վճարվում է նաև մինչև 20% հետվճար 10 հազար դրամի չափով, այդ 50 հազար դրամը կարող է դառնալ 60 հազար դրամ։


Նրա խոսքով՝ այս եղանակով տարեկան նպաստի չափը իրականում կարող է դառնալ 720 հազար դրամ, իսկ 6 տարվա կտրվածքով՝ 4 միլիոն 320 հազար դրամ, որը մոտավորապես 11 հազար 400 դոլար է։


Ըստ Թորոսյանի՝ սա էական աջակցություն է ընտանիքներին։


«Նպաստի շնորհիվ մենք արդեն ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ ընտանիքների համար»,- նշեց նախարարը։


Նշենք, որ 2026թ.-ի փետրվարի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, նպաստ նշանակելու և վճարելու կարգը։



Leave a Comment