Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցների հետևանքով սպանված Ռուբեն Գ.-ն դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Այդ օրը, ժամը 23:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ էին հնչել։
Ռուբեն Գ.-ին կրակել էր Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել էր փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
Նա ձերբակալվել էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը կատարել էր իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որը ստացել էր փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։
