Դատախազությունը պահանջում է 2000-2019 թվականներին Պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,1 մլրդ դրամ, տեղեկանում ենք դատախազությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դավթյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթը։
Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջել է բռնագանձել 14 անշարժ գույք և 6 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 2 իրավաբանական անձում մասնակցություն։
Բացի այդ, պահանջվում է բռնագանձել բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ, 5 մլն դրամի չափով չվերադարձված փոխառության պահանջի իրավունք, 270 մլն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Նշվում է նաև 796 մլն 825 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։
