Օրեր առաջ Ժնևում տեղի ունեցան ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցություններ, որը, ըստ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի, արդյունք է ունեցել։ Իսկ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն իրենց հայտարարություններում անդրադարձել են Հայաստանի երկաթուղային ցանցին։ Շոյգուն նշել է, որ հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու՝ Հայաստանի իշխանությունների ցանկությունը չմտածված որոշում է, որի հետևանքով տարիներով ձևավորված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել»։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ժնևում տեղի ունեցած բանակցությունները, դրա հեռանկարները և արդյունքները։
-Ժնևյան վերջին բանակցությունները, իհարկե, առանձնապես արագ փոփոխությունների հույս չեն ներշնչում, մինչդեռ Ուկրաինայում պատերազմի՝ արդեն 4-րդ տարին է լրանում, և զոհերի քանակն էլ արդեն սարսափելի թվերի է հասնում, ընդ որում, նաև ձմռանը էներգետիկ ինֆրաստրուկտուրաներին հարվածելը ռուսական կողմից չափազանց մեծ հետևանք է ունեցել։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի համար շատ սկզբունքային է տարածքային հարցը, որը համարում են, որ ուղղակի ինքնիշխանության կորուստ կլինի, եթե խնդիրը լուծվի այնպես, ինչպես բանակցային թղթերն են։
Զելենսկին 2 օր առաջ նաև հայտարարել է, որ դա ոչ միայն ինքը չի ընդունելու, Ուկրաինայում այլև մեկը։ Սա նաև երկարաժամկետ կտրվածքով որպես լուծում չի տա, որովհետև նաև կստացվի, որ բռնի ուժի սպառնալիք ուժի կիրառմամբ պատերազմ սանձազերծելով փաստացի իրականացվում է այն, ինչ որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, և սպառնալիքը, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը մեծ հաշվով օրինականացվում է։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին ոչ մի ճանապարհ չի փոխարինի։
-Վրաստանի արձագանքները ընդհանրապես Հայաստան-ԱՄՆ այս նոր հարաբերությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգի համատեքստում և Հայաստան Ադրբեջան հարաբերությունների։ Նա ինչ-որ չափով կարգավորման իրավիճակում, իհարկե, հասկանալի է, որ պետք է մի փոքր նյարդային լինի, քանի որ տարածաշրջանում իրենց մենաշնորհը կորցնում են։ Բայց քանի որ Վրաստանը մեզ համար, և տարածաշրջանում ռազմավարական առումով ամենակարևոր պետություններից է, որևէ կերպ պիտի կարողանանք ճիշտ կոմունիկացվել։ Շատ կարևոր է Վրաստանի տարբեր մակարդակների գործընկերների հետ անընդհատ կապի մեջ լինել։
Սա վկայում է այն մասին, որ այստեղ միայն Հայաստանի հետ չի խնդիրը, այլ առավելապես Արևմուտքի հետ է, որովհետև իրենք նաև հասկանում են, որ ԱՄՆ-ն իր հենակետը այլևս դիտարկում է ոչ թե Վրաստանը, այլ Հայաստանը, և ԱՄՆ-Վրաստան, Եվրամիություն-Վրաստան հարաբերությունները վատթարանում են։ Գուցե հեռանկարում շատ ավելի լուրջ հետևանքներ ունենա այդ ամենը, այսինքն՝ իրենց նյարդային լինելը միայն մեզ հետ չէ կապված։ Բայց այնուամենայնիվ, մեր կողմից էլ պետք է անընդհատ աշխատանք տարվի, ներկայացվի, որ միևնույն է, մեզ համար Վրաստանի հետ ճանապարհը կարևոր է և կենսական։
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Շոյգուի հայտարարությունը։
-Անդրադառնալով Շոյգույի հայտարարություններին, նախ պետք է շեշտենք՝ ընդհանրապես ինչու է այս հարցով մեկնաբանություն տալիս կամ հայտարարություն անում մի անվտանգության խորհրդի ղեկավար, որովհետև սա մաքուր տնտեսական խնդիր է, և որևէ կերպ այս հարցը չի կարող իր լիազորությունների շրջանակում լինել։ Այն տոնայնությունը, նաև հենց անձը, ով մեկնաբանում է այս խնդիրը, տպավորություն է, որ սա թերևս սպառնալիք է։ Եթե մեկնաբանենք ոչ միայն հայտարարության բառամթերքը, տոնայնությունը և այլն, այլ թե ով է սրան արձագանքում, ապա կարող ենք ընկալել որպես Հայաստանի նկատմամբ սպառնալիք։ Այնտեղ նաև ուղիղ սպառնալից հայտարարություններ կան, որ հայ ժողովուրդը շատ թանկ կարող է վճարել։ Նաև դրա նախօրեին արձագանքել էր Զախարովան՝ մի փոքր տարօրինակ և անընդունելի համարելով մտադրությունները, որ գուցե կոնցեսիոն կառավարումը պետք է։ Ի վերջո, սա նաև մեծ հաշվով ևս մեկ անգամ ցույց է տալիս այն, ինչ 2005 թ․-ից անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի ռազմավարական կարևորության օբյեկտները մեծ հաշվով ամբողջությամբ տրվելով Ռուսաստանին, ռուսական կողմից կախվածության մեջ են դրել մեր պետությունը։ Սա իրականում բացարձակ անընդունելի հայտարարություններ են, բայց սա նաև մեզ համար պետք է հստակ ու ուղենիշ լինի՝ հասկանալու, թե ինչ իրավիճակում ենք և ինչ հնարավոր քայլերի կարող ենք սպասել։
Լիլիթ Աբրահամյան
