Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ ֆորսմաժորային իրավիճակում տրվել են հրատապ լուծումներ։
Նա նշել է, որ նախկինում փետրվար ամսին փոսալցումներ չեն կատարվել, սակայն այս տարի իրավիճակը տարբեր է։
«Փետրվար ամսին առհասարակ փոսալցումներ տեղի չեն ունեցել՝ մի քանի պատճառով. մի կողմից եղանակը, մյուս կողմից՝ շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում և այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավվեն և կիրականացվի ասֆալտապատում։ Բայց այն ֆորսմաժորային իրավիճակը, որ ունեցանք՝ եղանակային պայմաններից ելնելով՝ առատ ձյան հետևանքով և մեծ քանակի աղ ու ավազով մշակման հետևանքով, խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացավ վերակառուցել գործարանն ու աշխատացնել։ Եթե չեմ սխալվում՝ օրերս երկրորդ գործարանն է սկսել գործել։ Մենք իրականության մեջ գործել ենք ֆորսմաժորային իրավիճակում ու տվել ենք հրատապ լուծումներ, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից», – ասել է նա։
