Ռուսաստանաբնակ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը 6-րդ տեղն է գրավել Իտալիայի օլիմպիական խաղերի կանանց մենասահքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում Պետրոսյանը հավաքել է 214,53 միավոր: Ազատ ծրագրում նա սխալ է թույլ տվել, սակայն մաքուր կատարել է կասկադներ և մի շարք եռակի ցատկեր:
Գեղասահորդուհին ելույթն անվանել է օլիմպիական լուրջ փորձ և հույս հայտնել, որ կմասնակցի 2030 թվականի խաղերին: Նրա խոսքով՝ ի սկզբանե պլանավորված էր ավելի բարդ կոնտենտ, սակայն «ամեն ինչ ըստ պլանի չի ընթացել», այդ թվում՝ անկումից հետո: Վնասվածքների մասին հարցերը նա առաջարկել է ուղղել մարզիչներին՝ նշելով, որ ապաքինվել է Բայկալ ուղևորությունից հետո, և վնասվածքն իր հետ կապված չի եղել:
Մրցույթի հաղթող է դարձել ամերիկուհի Ալիսա Լյուն, երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնուհի Կաորի Սակամոտոն, երրորդը՝ նրա հայրենակից Ամի Նակաին:
Պետրոսյանը 18 տարեկան է, նա Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող: Իտալիայի օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին: Փետրվարի 18-ին Պետրոսյանը կարճ ծրագրի արդյունքում գրավել է 5-րդ տեղը՝ հավաքելով 72,89 միավոր:
