19 փետրվարի 2026 – 15:02 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե խախտվել են արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի իրավունքները։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ՄԻՊ-ի համար ևս, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի պարագայում, Գարեգին Բ-ն կաթողիկոս չէ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ես այս հարցին բազմիցս եմ անդրադարձել. ես ՄԻՊ եմ, որը որևէ իրավասություն չունի որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները և զբաղվում եմ իրավունքների պաշտպանությամբ»,– հայտարարել է Մանասյանը։
Լրագրողը նաև հարցրել է՝ հաշվի առնելով գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունները և հարուցված քրեական գործը, խախտվա՞ծ են արդյոք Վեհափառի իրավունքները, ինչպես նաև՝ պլանավորվո՞ւմ է արդյոք ՄԻՊ-ի հանդիպումը Գարեգին Բ-ի հետ։
«Խնդրի վերաբերյալ ես բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա մասին նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել ևս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին։ Հատուկ խոսել եմ նաև այն մասին, որ թեև մենք հիմա գործ ունենք դատական ակտի հետ, և բոլորս ենք ինչ–որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելու հանգամանքով»,– նշել է նա։
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կիրառվել է նաև երկրից դուրս գալու արգելք։