Մինչև մարտի 5-ը խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ընտրել բանկը և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով։ Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, դա կանենք ավտոմատ եղանակով»,- ասաց նա։
Ըստ Թորոսյանի՝ դեռևս 21 539 քաղաքացի մնացել է կանխիկի ռեժիմում, շարունակում են ինքնուրույն անցնել և ընտրել իրենց նախընտրած բանկը։ Նրա խոսքով՝ ավտոմատ ընտրությունից հետո կապահովեն քարտերի առաքումը, և եթե բանկը ավտոմատ ընտրված լինի, մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինի բանկը փոխել։
Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս բարեփոխման ճանապարհին հանդիպում են նաև խոչընդոտների. կան թոշակառուներ, որոնք չունեն վավեր անձնագիր, էլփոստի հասցե կամ հեռախոս։
«Փորձում ենք այնպես անել, որ ապրիլի 1-ին որևէ մեկը զրկված չլինի իր կենսաթոշակը ստանալու իրավունքից»,- ասաց նա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի անձնագիր չունի։
«Անուն-ազգանունով գիտենք, թե ովքեր անձնագիր չունեն։ Խոսքը 2500 մարդու մասին է, որոնք այն չունեն, որովհետև նախկինում կարիք չեն ունեցել որևէ ծառայությունից օգտվելու և իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են։ Բայց հիմա այդ անհրաժեշտությունը առաջացել է։ Արդեն շատերի հարցը կազմակերպել ենք, և անձնակազմը զբաղվում է դրանով, որպեսզի ապրիլի 1-ից որևէ մեկը իրավունքից չզրկվի», – ասաց Թորոսյանը։
Նախարարը հույս հայտնեց, որ մինչև մարտի 5-ը այդ թիվը կնվազի մինչև 10 000․«Չեմ բացառում՝ հատուկ դեպքեր լինեն, բայց միևնույն է՝ չեն զրկվի իրենց կենսաթոշակից»։