ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզում էր՝ հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
«Նախարարը մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքները իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով, 395 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Իրականացվել է ճանապարհի երկշերտ ասֆալտապատում։
Հաջորդ կանգառը Մեծավան – Ձյունաշող ճանապարհահատվածն էր, որտեղ իրականացվել է հիմնանորոգում: Աշխատանքները իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
2025թ.-ին իրականացված աշխատանքների արժեքը կազմել է 496.8 մլն. դրամ: Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը
կազմում է 8.5կմ: Իրականացվել է ճանապարհի երկշերտ ասֆալտապատում։
Նախարարը մարզպետի և համայնքապետի հետ նաև շրջել է Տաշիր քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։
Վանաձորում նախարարը ծանոթացել է արդեն սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին, որի շրջանակում 91 մլն դրամով հիմնանորոգվել է Վանաձորի տիկնիկային թատրոնի շենքը: Աշխատանքներն արդեն ավարտված են, բեմադրությունները՝ պատրաստ ցուցադրության։
Նախարարը եղավ նաև Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում։ 351.0 մլն դրամով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի՝ շուրջ 200 սանի համար: Մանկապարտեզն արդեն շահագործվում է»,-ասվաշ է հաղորդագրության մեջ։