«Հայաքվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ 36 հազար դրամը, որ ներկայում պետությունը տրամադրում է թոշակառուին, պարզապես սովամահ չլինելու համար է։
«Այդ գումարով թոշակառուն չի կարող ոչինչ գնել, եթե չլինի հայ ընտանիքների փոխօգնության ավանդույթը։ Իսկ ի՞նչ է «Հայաքվե»-ն բերում։
Մենք իրականացնում ենք թոշակառուների հետ կապված արշավ։ Հայտարարում ենք, որ իշխանության մաս կազմելու դեպքում՝ հաջորդ օրը, սկսկելու ենք աշխատանքներ, որպեսզի առնվազն երկու տարվա ընթացքում թոշակները բարձրացնենք 50 տոկոսով։ Ամեն տարի տեղի է ունենալու թոշակի ինդեքսավորում, ինչը հնարավորություն է տալու գոնե չգլորվել աղքատության և սովամահության մեջ»,-նշեց Հրայր Կամենդատյանը։
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունները որոշել էին հունվարի 1-ից լիովին փոխել անապահովության նպաստ սահմանելու տրամաբանությունը։
«Սահմանել են այնպիսի չափանիշներ, որոնց համաձայն համարյա ոչ ոք նպաստ չէր ստանալու։ Մարդիկ, նույնիսկ եթե անմշակ հողամաս ունեն, դրանից ելնելով՝ անապահովության նպաստ չեն ստանալու։ Եթե մարդիկ մինչև 10 հազար չափով հեռախոսազրույցներ են ունեցել, դրա արձանագրումը լինելու է փաստ, որ անապաոհվության նպաստից զրկվեն։ Եթե քաղաքացիներից մեկին իր բարեկամը 10-15 հազար դրամ է ուղարկել, նորից նպաստից զրկվելու է։
Որոշումը համարյա կար, բայց իշխանությունները հասկացան, որ դա ընտրություններին որոշակիորեն խառնելու է իրենց խաղաքարտերը, և այդ քայլը 160 հազար քաղաքացու բերելու է ընդդիմության կողմը։ Դրա համար առկախել են և հուլիսի 1-ից են փորձելու այս ամենը ներդնել»,- ասաց Կամենդատյանը։
Նախաձեռնության անդամն անդրադարձավ նաև քաղաքաշինության թեմային՝ խոստանալով այս ոլորտում բերել կարգուկանոն։ Բացի այդ՝ Կամենդատյանը շեշտեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի թոշակառուները տրանսպորտով երթևեկեն անվճար, ինչպես նաև երեխաներն ու տարեցնեներն անվճար մուտք ունենա թանգարաններ ու պատկերասրահներ։