Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի վճիռը՝ այն անվանելով «ծաղր»։
Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսը հայտարարել է, որ 16 ամբաստանյալների դատապարտումը «գագաթնակետին հասավ Վարդանյանի դեմ դատավճռով։
«Իսկական ծաղր է այդ վճիռը։ Այն փաստը, որ Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ»,- հայտարարել է նա։
Սթրաթերսը նշել է, որ այս դատավճիռները «վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների բոլոր զոհերի համար»։
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Վարդանյանի և մյուս ամբաստանյալների դատավարություններն անցել են փաստացի փակ ձևաչափով։ Ըստ Amnesty International-ի՝ մեղադրանքները հիմնված էին «ապացույցների» վրա, որոնք մեղադրյալներին ներկայացվել են իրենց համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։
Նշվում է, որ միայն Վարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանք, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և «մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևով չեն բացահայտվել։
Amnesty International-ը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ներկայացված ապացույցների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։
Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Ադրբեջանի ռազմական «դատարանն» Արցախի նախկին պետնախարարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նա կանցկացնի բանտում, մյուս 10 տարին՝ խիստ ռեժիմի բանտում:
Կարդացեք նաև՝
Բաքվի «դատարանը» ազատազրկման է դատապարտել Արցախի 7 առաջնորդի
Բաքուն հրապարակել է Արցախի առաջնորդների շինծու գործով անցնող գերիների վճիռները
