Ավտովթարի ենթարկված եզդի ընտանիքին «կլպել» են. «Հրապարակ»


«Հրապարակ»-ը գրելէ.

Հունվարի 11-ին Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, տուժել է 5 մարդ՝ Հախոյանների ողջ ընտանիքը: Նրանք տարբեր վնասվածքներով, երկու մեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Հենց այստեղ էլ սկսվել են բուն «կինոն» ու «առողջապահական» թալանը, որտեղ Հախոյանների ընտանիքը, բառի բուն իմաստով, ռեկետի է ենթարկվել: 

«2 անչափահաս երեխա կար մեքենայի մեջ, եղբայրս, եղբորս աղջիկը, կինը: Արմավիրի հիվանդանոցում ստուգումներ արեցին, ԿՏ արեցին, ասեցին՝ պետք է տեղափոխենք Երեւան, մի հատ էլ Երեւանում արեցին նույն ԿՏ-ն: Եղբորս փոքր աղջկան 4 օր պահեցին հիվանդանոցում` Արմավիր, 400 հազարից ավելի փող առան ինձնից: Էն մյուս երեխան Երեւանում էր՝ 1 մլն 400 հազար էլ նրա բուժումը նստեց, ճաք էր եղել ողնաշարին: Նա էլ Ծերեթելու մանկական հիվանդանոցում էր»,- պատմում է վթարի ենթարկված ավտոմեքենայի տիրոջ եղբայրը՝ Ռուստամ Հախոյանը: 

Այսօր նա պարտքերի տակ կքած է, գլուխը բռնած՝ նստած:  Որեւէ փոխհատուցում ընտանիքը չի ստացել, պետպատվերից չի օգտվել, թեեւ վթարների, շտապ անհետաձգելի օգնության համար պետք է վճարի պետությունը: Ինչպես հայտնի է, մինչեւ 18 տարեկան երեխաները 2026 թվականի հունվարի 1-ից համարվում են առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգի շահառուներ: Նրանք պետք է անվճար բուժօգնություն ստանան, սակայն այս օրենքը, փաստորեն, ազգությամբ եզդի Հախոյանների վրա չի տարածվել: 

Մենք դիմեցինք առողջապահության նախարարության լրատվական՝ խնդրելով դեպքի կապակցությամբ պարզաբանմամբ հանդես գալ: «Քանի որ վթար է եղել, այս դեպքում ԱՊՊԱ-ն է փոխհատուցում տալու, փակելով մոտ 3-3,5 մլն դրամը: Այս դեպքում, երբ որ մարդիկ հոսպիտալացվում են բուժկենտրոն, սկզբից քաղաքացին պետք է վճարումները կատարի: Իրականացվում են քննչական գործողություններ: Քննիչը որոշում է մեղավոր կողմին, եւ իրականացվում է բուն փոխհատուցումը: Սա առողջության համընդհանուր ապահովագրության դեպք չի, այլ բուն ԱՊՊԱ-ի թեման է», – ասում է նախարարության խոսնակը: Սակայն ի՞նչ է լինելու, եթե քաղաքացին չունի գումար:

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը վստահեցնում է, որ հիվանդանոցներն իրավունք չունեին գումար վերցնել շտապ անհետաձգելի դեպքի համար: «Դա շտապ անհետաձգելի դեպք է, վթարի հետեւանքով ստացած վնասվածքներ են, եւ ծառայությունը պետք է մատուցվի անվճար: Դժվարամատչելի, թանկարժեք հետազոտությունները փոխհատուցվում են: Բացի դա, ԱՊՊԱ-ն պետք է փոխհատուցեր բժշկական ծախսերը: Երրորդը՝ 0-18 տարեկան երեխաների դեպքում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: Այսինքն, մի քանի հոդվածով խախտում է տեղի ունեցել: Եթե վիրահատության ժամանակ օգտագործվել են տարբեր մետաղական կոնստրուկցիաներ, իմպլանտ եւ այլն, ապա սա էլ պետք է փոխհատուցեր ԱՊՊԱ-ն: Իսկ «Արմավիր» ԲԿ-ն ընդհանրապես պետք է գումար չվերցներ այդ ընտանիքից»,- ասում է փորձագետը: Տեղեկացանք, որ երկու անչափահասներն արդեն բուժվել եւ դուրս են գրվել բուժհաստատություններից, ինչն այս պատմության միակ լուսավոր կետն է: Վարույթ է հարուցված, որի շրջանակներում ընտանիքը հույս ունի ստանալ իրեն հասանելիք ապահովագրական գումարները: 

Leave a Comment