«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան է։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցից առաջ և հետո տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան փոխնախագահ Վենսի այցից առաջ: ArmeniaSputnik-ը հաշվել էր դրանց թիվը և գրել. «Գործնականում բոլոր չվերթերն իրականացրել են Boeing C-17A Globemaster III մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Lockheed Martin MC-130J Commando II-ը: Վերջիններս ևս երկու չվերթ են կատարել դեպի Վրաստան»։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռների մեծ մասը Երևան և Բաքու են ժամանել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում. «Մասնավորապես, մեր դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում»։ Վենսն Իտալիայի օլիմպիական խաղերին ժամանել էր 14 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի կազմում։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվությունը Հայաստան և Ադրբեջան նրա այցից առաջ քննարկման առարկա էր դարձել նաև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմաններին ուժեր տեղակայելու համատեքստում։ Այդ մասին հետագայում իրենց հարցազրույցներում խոսել էին նաև բրիտանացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ալաստեր Կրուկը և իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին, ասելով՝ ԱՄՆ-ը տեղակայվել է Ադրբեջանում և Հայաստանում, այնտեղ են ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանումներ:
Վահե Դավթյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Օրեր առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ ամերիկյան օդուժն ակտիվություն է ցուցաբերում թուրքմենական երկնքում: Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ կգործադրի Անակոնդայի մեթոդը: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար դիտարկվում են՝ որպես կարևոր հենակետեր, որոնք հետագայում կարող են օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, և սա է պատճառը, որ Իրանից կոշտ դիրքորոշումներ են հասնում մասնավորապես նորանշանակ դեսպանի շուրթերով:
- Ակնհայտ է, որ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան հետապնդում է ոչ միայն տնտեսական, այլև նախևառաջ՝ ռազմաքաղաքական նպատակներ:
- Եթե Վենսի հետ իսկապես 20 ռազմական օդանավեր են եկել, սա փաստացի նշանակում է, որ Հայաստանն օգտագործվելու է Իրանի դեմ: Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա այդ հատուկ նշանակության ջոկատները, կարծում եմ, կտեղակայվեն Սյունիքում: Ես վաղուց եմ ասել՝ Սյունիքը կապամիլիտարիզացնեն, ռուսական զինական ներկայության հարցը կլուծեն, և Իրանի արձագանքը չի ուշանա: Տարածաշրջանում, այո՛, տեղի է ունենում անվտանգային ճարտարապետության տոտալ տրանսֆորմացիա, և այս պայմաններում մենք պետք է շատ զգույշ լինենք, չխառնվենք գերտերությունների շահերի բախմանը, այլապես շատ ծանր գին կվճարենք:
- Եթե մեզ իզոլացնելու սցենարը գործի դրվի, Հայաստանը կարող է ձեռք բերել անկլավային պետության կարգավիճակ, ինչպիսին Լեսոթոն կամ Սան-Մարինոն է, թեև վերջիններս շրջապատված չեն թշնամիներով, ու մեր խնդիրը պետք է լինի դա թույլ չտալ: Այս պահին մեր խնդիրը պետք է լինի՝ չդառնալ Իրանի ու Ռուսաստանի դեմ գործիք, թույլ չտալ ամբողջովին պարալիզացնել հյուսիս-հարավ ուղղությունը: Նայե՛ք՝ ինչ է կատարվում իրանական «Չաբահար» նավահանգստի հետ, երբ ԱՄՆ-ի ճնշմամբ Հնդկաստանը հրաժարվեց ներդրումներ անել այնտեղ, և սա այն դեպքում, երբ «Չաբահարը» խոշոր տրանսպորտային հանգույց էր Դելիի համար: Հյուսիս-Հարավը, որին ինտեգրվելը մեր շահերից է բխում, զիջում է նոր մեգատրանսպորտային նախագծին: Այս սուրն ուղղված է Հնդկաստանին, որից մենք զենք ենք ձեռք բերում, և այն մեզ է հասնում Իրանով, Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

- Միջին միջանցքը տրանսպորտային հանգույց է, որը Կենտրոնական Ասիան պիտի կապի Եվրոպայի հետ: Բայց գալիս է Թրամփը, ստեղծում TRIPP-ը ու խառնում բոլոր խաղաքարտերը: Թրամփը, դիրքավորվելով այստեղ, վերահսկում է այն էներգատրանսպորտային հաղորդակցությունները, որոնք տեղակայված են այստեղ, կամ որոնք նախատեսվում է ձևավորել:
- Եթե Անդրկասպյան գազամուղը կյանքի կոչվի, դա նշանակում է, որ Եվրոպան ավելի անկախ է դառնում Թրամփի գազային նպատակներից, ինչը ոչ մի կերպ չի բխում նրա գեոէներգետիկ շահերից:
- Հայաստանը գետնի վրա, իրականում ոչ մի տնտեսական շահ TRIPP-ից չի ունենում: Բաց սահմանները դեռ տնտեսության ակտիվացման ցուցիչ չեն: Հարավային Կովկասում անգամ տրանսպորտային ամբողջական ապաշրջափակումը որակյալ զարգացման չի բերելու, եթե երկիրդ տանում ես ապաինդուստրիալիզացման և ունես թույլ ինստիտուտներ:
- Ալիևը ներքին գաղութականացում է իրականացնում Նախիջևանի նկատմամբ: Նրա նպատակն է՝ Նախիջևանի Սահմանադրությունից հանել Հանրապետության ինքնավարության բաղադրիչը, որը պայմանավորված է Թուրքիայի ու Ռուսաստանի հետ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հիշատակությամբ ու երաշխավորությամբ: Սա նրան թույլ կտա ներքին կյանքում վերարտադրվելու լավ հնարավորություններ պահպանել:
- Երկրորդ խնդիրը, որը լուծում է Ալիևը, բացի Նախիջևանի միլիտարիզացիայից, գեոքաղաքական է: Նախիջևանը չունի արդյունաբերական պոտենցիալ, գյուղատնտեսական Հանրապետություն է՝ մոտ 450,000 բնակչությամբ: Այսինքն՝ Նախիջևանը չունի տնտեսական այն պոտենցիալը, որ իմաստ ունենար տրանսպորտային ապաշրջափակմամբ զարգացման հույս ներշնչել: Նախիջևանով նա ապահովում է ելք դեպի Թուրքիա ու Պակիստան՝ դրանից բխող հետևանքներով:
- Ադրբեջանն այսօր կյանքի է կոչում Ջաբրայիլ-Նախիջևան բարձրավոլտ գծի նախագիծը: Ընդամենը վերջերս Ադրբեջանը շահագործման հանձնեց մոտ 1300 վատտանոց ջերմաէլեկտրակայան, որը Ջաբրայիլից էներգիա արտահանելուն է միտված: Աշխարհաքաղաքական երրորդ բաղադրիչը գազատրանսպորտային հաղորդակցությունն է: Անդրկասպյան գազամուղը, որը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է հստակեցնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը, վերջինս ընդունված է, սակայն դեռ չի վավերացվում Իրանի կողմից: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան 2027թ.-ից իսպառ հրաժարվելու է ռուսական գազից, սա նրա համար հույժ կարևորության նախագիծ է:
- Մեծ հավանականությամբ՝ խոսքը սիմվոլիկ քայլի մասին է՝ արտաքին խաղացողներին ցույց տալու համար, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական նպատակներ:
- Վենսի այցով արձանագրվեց այն փաստը, որ նախորդ վարչակազմի հետ կնքված «123» համաձայնագրի իրականացման շուրջ կա կոնսենսուս, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ բան ստանում ենք, ու ԱՄՆ-ը կարող է արդեն տեխնոլոգիաներ մատակարարել Հայաստան: Խոսքն ընդամենը տեխնոլոգիաների տրամադրման արգելքի հանման մասին է:

- Գուցե զուգադիպություն է, բայց դեռևս տարիներ առաջ ԱՄՆ նախկին դեսպան Միլսը ևս խոսեց 9 միլիարդ դոլարի մասին, որն իբր կօգներ Հայաստանին ազատել ռուսական էներգետիկ կախվածությունից: Այսինքն՝ 9 միլիարդանոց միֆն այսօր կրկնվում է: Մեծ հաշվով՝ սա նպատակ ունի փակել հայկական ատոմակայանը: Որտեղի՞ց է Հայաստանը վերցնելու այդ գումարը: Ամենայն հավանականությամբ, եթե այս սցենարը կյանքի կոչվի, դա կլինի վարկային միջոցներ, որոնք ԱՄՆ-ը կտա Հայաստանին՝ իրենցից դրանք գնելու համար: Այս ռիսկերը կարծես թե գնահատում են նաև Հայաստանի իշխանությունները:
Հիշեցնենք. Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ավարտին են հասցրել քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության բանակցությունները։
«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասաց Վենսը։ Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլային ռեակտորներին՝ ընդգծելով ամերիկյան կողմի վստահությունը Հայաստանի նկատմամբ։
«Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ․ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»,- ասաց Վենսը՝ ընդգծելով այդ հարցում Նիկոլ Փաշինյանի դերը։
Վենսի այդ հայտարարությունից հետո իշխանական ողջ խմբակը և մերձիշխանական շրջանակները սկսեցին ԱՄՆ չունեցած մոդուլային փոքր ռեակտորների և ԱՄՆ-ՀՀ այդ նախաձեռնության գովքն անել: Այն դեպքում, երբ նույնիսկ ամերիկյան մասնագիտական շրջանակներն են հայտարարում, որ փոքր մոդուլային ռեակտորներ ունեն Ռուսաստանը և Չինաստանը, իսկ ԱՄՆ-ը ունի ձախողված փորձ: Նույնիսկ ամերիկյան հեղինակավոր CNN-ն է այդ մասին ծավալուն հոդված ներկայացրել՝ փաստերով և մասնագիտական կարծիքներով հիմնավորված:
«Փորձագետները նախազգուշացնում են, որ SMR-ների ընդհանուր արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան սովորական կայաններինը, բայց դրանք դեռևս շատ թանկ են, ինչը նշանակում է, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի գինը շատ ավելի բարձր կլինի, քան քամու, արևի կամ գազի էներգիան: Դրանց գործարկումը նաև երկար ժամանակ է պահանջում: Ամբողջ աշխարհում գործում է ընդամենը երեք SMR, և դրանցից ոչ մեկն ԱՄՆ-ում չէ: Մեկը գտնվում է ռուսական լողացող կայանի վրա՝ Սիբիրի ափերին, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում: Այն, թե արդյո՞ք SMR-ների շուրջ ստեղծված աղմուկը հիմնավորված է, պարզ կդառնա միայն դրանք կառուցելուց հետո, և մրցավազքն արդեն սկսված է»,- ասված է CNN-ի հոդվածում:
- Բայց… Վենսի այցի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի աշխատանքները հնարավոր է երկարացնել մինչև 2046թ.: Այս քննարկումներն արվել են բացառապես ռուսական «Ռոսատոմի» հետ ու առաջ են բերվել նրա կողմից: Ինչո՞ւ այդ հայտարարությունն արվեց, որովհետև ԱՄՆ-ում այսօր չկա գեթ մեկ մոդուլային ատոմային ռեակտոր: Բացի դրանից, դրանք ունեն մեծաթիվ խնդիրներ՝ կապված նախևառաջ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հետ:
- ԱՄՆ-ը փորձում է այստեղ դիրքավորվել մոդուլային ռեակտորների ոլորտում, որովհետև ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ՝ իրենց տեխնոլոգիանեը փորձարկելու համար:
- Երկրաբան, ակադեմիկոս Ալոյանի աշխատության մեջ ճշգրիտ նշված են ուրանային դաշտերը, և Դիլիջանի ու Վանաձորի հետ մեկտեղ՝ նշված է նաև Սյունիքը:

- BlackRock-ը համարվում է ամերիկյան խոշորագույն ներդրումային ընկերություն ու ստվերային բանկ: Այն պայմանագիր է կնքում ադրբեջանական SOCAR-ի հետ՝ փոխգործակցության մասին: Դրանից օրեր անց Թուրքիայում ձեռք է բերում SOCAR-ի նավթային տեմինալը՝ Էգեյան ծովի ափին, որը Թուրքիայի համար շատ կարևոր նշանակություն ունի. այն երրորդն է իր նշանակությամբ Թուրքիայում: Բացի դրանից, BlackRock-ը 12% ներդրում է անում AECOM ընկերության մեջ և ունի ահռելի ազդեցսություն անգամ տնօրենի նշանակման հարցում: Եվ ահա AECOM-ը գալիս է ու ներգրավվում TRIPP-ի մեջ: Փաստացի տեղի է ունենում նոր կոնֆիգուրացիայի ձևավորում՝ Կենտրոնական Ասիայից՝ Կասպից ծովով, Կովկասով ու Թուրքիայով դեպի Եվրոպա՝ երթուղի, որում այլևս դիրքավորվելու է Վաշինգտոնը: Այստեղ մենք ընդամենը կապող օղակ ենք, որը կարող էր ստանալ որոշակի դիվիդենտներ, եթե գոնե ունենար զարգացած տնտեսական ու անվտանգային համակարգեր ու կարողանար հասնել նրան, որ ապաշրջափակվեին տրանսպորտային բոլոր ուղիները:
- Թուրքմենստանում առաջիկայում կլինեն լուրջ զարգացումներ: Հիշենք, որ աշխարհում ապացուցված գազի պաշարների քանակով Թուրքմենստանը 5-րդ տեղում է: Տարիներ առաջ նման փորձ արվեց Ղազախստանում, որը ձախողվեց ոչ այնքան ՀԱՊԿ-ի ներգործությամբ, որքան ԱՄՆ-ի ու Աստանայի միջև համաձայնությամբ: Ղազախստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, բայց նժարն ավելի շատ թեքվում է դեպի Արևմուտք: Թուրքախոս պետությունների կազմակերպության մեջ լինելը ևս սահմանում է Ղազախստանի առաջնահերթությունները:
- ԱՄՆ-ի վերջերս ընդունված ազգային անվտանգության դոկտրինում կարևորագույն տեղն է զբաղեցնում Մոնրոյի դոկտրինը: Ու թեև նշվում է, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է հանդիսանում Լատինական Ամերիկան, ինչպես տեսնում ենք, Եվրասիան ու Կովկասը մասնավորապես ևս տեղավորվում են նրա հետաքրքրությունների մեջ:
- Այն, որ ԱՄՆ-ը ռազմական սցենարի պոտենցիալ է ցույց տալիս ու ասում, որ պատրաստ է Իրանին հարվածել, չի նշանակում, որ այդ հարվածը հասցվելու է: Դա ճնշման գործիք է: Այսօր տեղեկություն ստացվեց, որ Իրանը դեմ չէ ուսումնասիրել ու պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի հետ իր ընդերքի նավթի ու գազի պաշարների մասով: Իրանը տնտեսական համաձայնությանն ուղղված քայլ է անում: Տպավորություն է, որ Իսրայելն ամեն կերպ ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել իրանական էսկալացիայի մեջ, մինչդեռ ԱՄՆ-ը հարցը փորձում է լուծել դիվանագիտական ճանապարհով: Նեթանյահուին Իրանին հարվածելը շատ պետք է իր զրոյին հավասարեցված վարկանիշին կենդանություն տալու համար:
- Իրանի համար չինական ուղղությունը խիստ կարևոր է: Չինաստանն Իրանի ածխաջրածինների համար 1 ներկրողն է, գազի ու նավթի արդյունահանման կարևորագույն ուղղությունը: Հաշվի առնելով Վաշինգտոն-Պեկին համագործակցության նշմարվող հեռանկարը՝ չեմ բացառում, որ Չինաստանը կփորձի զիջումներ ստանալ Իրանից:
- Չինաստանն ունի քաղաքական ու տնտեսական հավակնություններ Ռուսաստանի հետ: Վերջերս Չինաստանում հրապարակվեց քարտեզ, որտեղ ռուսական Ուսսուրիյսկի շրջանն ամբողջությամբ ներկայացված էր՝ որպես չինական: Սրա հետ մեկտեղ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվում է երկխոսության որոշակի պլատֆորմ: Չմոռանանք, որ չինական էլիտաների մեջ քիչ չեն պրոարևմտյան դիրքորոշում ունեցողները:
- Եկեղեցու դեմ արշավի սցենարը Սահակաշվիլու օրոք գործադրեցին Վրաստանում. չստացվեց: Մեթոդաբանությունն ու անգամ հռետորաբանությունը նույնն է: Ինչպես մեզ մոտ են եկեղեցականներին մեղադրում ռուսական КГБ-ի ագենտ լինելու մեջ, այնպես էլ Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլին էր անում: Հայաստանի պարագայում եկեղեցին այն կառույցն է, որն աշխարհում ցանցային կերպով ապահովում է ոչ միայն մեր հոգևոր կոդի պահպանումը, այլև պետականության ապահովումը՝ որպես սուբյեկտ:

- Իշխանություններին հունիսին այնքան հեշտ չի լինելու հաղթել, որքան 2021-ին: Գլխավոր խնդիրը մեր հասարակության մի հսկա զանգվածի՝ ընտրություններին մասնակցելուն պատրաստ չլինելն ու իներտ կեցվածքն է: Գլխավոր խնդիրը պետք է լինի հունիսին կայանալիք ԱԺ ընտրություններում բարձր մասնակցություն ապահովելը, որը հնարավորություն կտա, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի:
- Տնտեսական փուչիկը պայթել է, և առաջիկա մեկ տարում մենք տնտեսական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:
- Եվրոպական միությունից 14 միլիոն դոլար փող է գալու մոլդովական սցենարով հիբրիդային հարձակումները կանխելու համար: Այդ գումարը բաշխվելու է տարբեր ՀԿ-ների ու մերձիշխանական մեդիայի միջև: Քաղտեխնոլոգիական շերտը կկարողանան ապահովել: Ժողովուրդը, բացի ընտրություններից, ի՞նչ գործիք ունի իրավիճակ փոխելու: Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տվել, որ փողոցային պայքարները հաջողություն են ունենում, եթե դրանք տեղի են ունենում արտաքին ուժային կենտրոնների հետ փոխգործակցությամբ: Ես ասում եմ՝ գնա՛ ընտրությունների, այլ կերպ այս փուլում իշխանություն փոխել ես չեմ պատկերացնում:
- Անգամ, եթե ունեն ռազմավարական շատ խորքային տարաձայնություններ, իրական ընդդիմադիր ուժերը տակտիկական առումով պարտավոր են ձևավորել մեկ միասնական ճակատ:
- TRIPP-ում ես բացառում եմ Ռուսաստանի հետ բանակցությունները, որովհետև այն աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որն ուղղված է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ:
- Ստեղծված կոնֆիգուրացիայում Խաղաղության խաչմերուկը ֆանտաստիկայի ժանրից է:
- Ռուսաստանի հետ երկաթուղային կոնցեսիոն պայմանագիրը կասկածի տակ է դրվում: Նույնը վերաբերում է գազային հաղորդակցություններին: Հայաստանում արդեն հայտարարում են, որ անցնելու են Ադրբեջանից գազ ներկրելուն: Սրանք երկարաժամկետ և սողացող ռազմավարություններ են, որոնք ապահովելու են մեր էներգետիկ համակարգի ապառուսիֆիկացումը: Սա նշանակում է՝ Հայաստանը պետք է պատրաստվի ցուրտ ձմեռների, ինչպես ասում էր ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, 2024թ. նոյեմբերին ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում՝ «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերը հայտարարել էր, որ
ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է մտածեն՝ ինչ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, հետագա բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանն աջակցելու համար: «Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը խաղաղությանը: Թեև դա քաղաքական առումով ցավոտ է լինելու, իսկ Մոսկվան էլ փորձելու է սաբոտաժի ենթարկել գործընթացը, սակայն Երևանի և Անկարայի միջև կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունն օգուտ կբերեն երեք երկրին էլ: Եթե նախագահ Էրդողանն ու վարչապետ Փաշինյանը քաջություն ու տեսլական դրսևորեն, հայ-թուրքական կարգավորմանը կարող է նախորդել Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիրն և հեշտացնել կնքումը: Անվտանգային դիվիդենտներից զատ, Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսական գործընկերներին ու նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից»,- ասել էր նա՝ ավելացնելով՝ «Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր տևական աջակցությունը»:
- Էներգետիկ ազատականացումը խիստ շուտ էր մեզ համար. մենք անվտանգային այնպիսի պայմաններում չենք գտնվում, որ մեր էներգետիկ շուկան ազատականացնենք:
Մանրամասները՝ տեսանյութում։