17 փետրվարի 2026 – 16:46 AMT
PanARMENIAN.Net – ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը, պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռևս հստակ չէ, թե ում հետ կարող է համագործակցել:
«Հայ ազգային կոնգրեսի հետ մենք մեծագույն հաճույքով պատրաստ ենք համագործակցել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին իմ անկեղծ քննադատական խոսքերը, իմ կողմից հարգված նախկին գործընկերների և ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսում գտնվող մարդկանց մոտ շատ բացասական ազդեցություն են ունեցել, և իրենք չեն ուզում իմ երեսը տեսնել»,-ասել է Աղազարյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա հավելել է, որ կարող է ասել, թե ում հետ դաշինք չեն կազմելու՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ գտնվող ուժերի հետ։
«Իհարկե, թող ամպագոռգոռ չհնչի, այնպես չէ, թե իրենք մեզ առավոտից երեկո խնդրում են այդ մասին։ Բոլոր մյուս ուժերի հետ մենք պատրաստ ենք դաշինք կազմել, մասնակցել, եթե այդ ուժերն իրենք հարմար գտնեն։ Մեզ համար այդ շրջանակներն ուրվագծված են, բայց այդ մասին կխոսենք մոտ երկու շաբաթ հետո»,- ասել է Աղազարյանը։
Նա պարզաբանել է, որ որոշ հարցերի շուրջ պատրաստ են համագործակցության, սակայն դա չի նշանակի պարտադիր դաշինք։
«Օրինակ՝ որպեսզի թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, դրա շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել արդեն ցանկացածի հետ», ասել է պատգամավորը:
Այն դիտարկմանը, թե ընդդիմադիր դաշտում հիմնականում համախմբում է տեղի ունենում իր նշած քաղաքական գործիչների շուրջ, Աղազարյանը արձագանքել է. «Ուրեմն, պարոն Ասլանյանի և իմ քաղաքական ճակատագիրը կանխորոշված է, և մենք չենք ունենա որևէ հաջողություն։ Մենք պատրաստ ենք դրան։ Մեզ թվում է, որ ուղղակի կարող ենք օգտակար լինել պետականությանը, դրա համար էլ ունենք մեր քաղաքական և քաղաքացիական կեցվածքը։ Կստացվի՞ դա, թե՞ ոչ՝ բոլորովին այլ հարց է։ Մենք պատրաստ չենք ամեն գնով գնալու, դրան պատրաստ չենք»։
Հարցին, թե այլ քաղաքական ուժերից համագործակցության առաջարկներ եղե՞լ են, Աղազարյանը նշել է, որ նման առաջարկներ եղել են, սակայն չի մանրամասնել, թե որ ուժերից։
«Մի դեպքում մենք ենք նախաձեռնությամբ հանդես եկել, մեզ, ըստ էության, մերժեցին։ Մյուս դեպքում իրենք են առաջարկել, և հիմա իրենց հետ բանակցությունների մեջ ենք։ Եվ էլի մեկ ուրիշի հետ ենք բանակցությունների մեջ»,-ասել է Աղազարյանը:
«Մեր ձևովի» հետ պատրաստ ենք համագործակցել, բայց նրանց մարտավարությունն այնպիսին է, որ իրենք մենակ են գնում։ Ինչ վերաբերում է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը, պատրաստ ենք համագործակցել պարոն Ծառուկյանի հետ, բայց պետք է իրենք էլ ցանկանան»,-հավելել է նա:
Պատգամավորը նշել է, որ եթե չհայտնվեն հաջորդ խորհրդարանում, դա ողբերգություն չեն համարի։
«Պատրաստ ենք ամեն իրավիճակի։ Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք, բայց պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ չենք լինելու։ Կյանքը դրանով չի վերջանում։ Եթե մեր ծրագիրը չաշխատի, ընդդիմադիրները դրա շուրջ կամ դրան մոտ ծրագրի շուրջ չհամախմբվեն, ապա ՔՊ-ն հաղթելու է, և մեր պետականությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առաջ։ Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, ես և պարոն Ասլանյանը կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն սպառել է քաղաքականապես, ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես և չի կարող շարունակել երկիրը կառավարել»,- եզրափակել է Աղազարյանը։
«Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ) փետրվարի 13-ին գրանցվել է Պետական ռեգիստրի գործակալության կողմից:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: