Հայկական Davaro-ն հերքել է ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու պնդումները

Հայկական Davaro-ն հերքել է ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու պնդումները

17 փետրվարի 2026 – 14:16 AMT

PanARMENIAN.Net – Անօդաչու թռչող սարքեր արտադրող հայկական Davaro ընկերությունը հերքել է ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին լուրերը։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։ Davaro ընկերությունն իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա:

Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աերոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերության ռազմավարական նպատակներն ուղղված են բացառապես ՀՀ զինված ուժերի և ազգային անվտանգային համակարգի տեխնոլոգիական մակարդակի բարձրացմանը, պաշտպանունակության ամրապնդմանը և տեղական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը

Վերջին օրերին օտարերկրյա մամուլում տարածվել է տեղեկատվություն, թե Davaro-ի ստեղծած անօդաչու թռչող սարքերի համակարգերի հիմքում դրված են այլ արտադրողների տեխնոլոգիաներ։ Մասնավորապես ընկերությանը մեղադրել են իսրայելական Harop անօդաչու թռչող սարքը (կամիկաձե-դրոն) կրկնօրինակելու կամ նմանակելու մեջ։ Մասնավորապես նման հրապարակում էր արել իսրայելյան Globes-ը՝ նշելով, թե դա հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը: Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ոլորտի բարձրաստիճան ղեկավարը Globes-ին ասել է, որ, իր կարծիքով, տեխնոլոգիական գիտելիքները Հայաստան են հասել Հնդկաստանից։

Leave a Comment