«Առաջարկ Հայաստանին» շարժման հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է մեգանախագծերի փաթեթ։
Նա ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, որոնք կարող են վերակառուցել և հզորացնել երկրի տնտեսական ներուժը, ընդլայնել հաղորդակցային կարողությունները և էապես բարձրացնել տարածաշրջանային դերակատարումը։
Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն
Նախաձեռնությունը կարևորում է նոր ատոմակայանի կառուցումը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարանների ստեղծումը, մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացումը, ինչպես նաև գլոբալ տվյալների կենտրոնների և ռադիոդեղագործական ու միջուկային բժշկության կենտրոնի հիմնումը։ Առանձնահատուկ շեշտվում է նաև արտադրական ենթակառուցվածքների՝ էլեկտրական ցանցերի, ջրամատակարարման և կապի համակարգերի արդիականացումը։
Տրանսպորտ և կապ․ Պարսից ծոց-Սև ծով միջանցք
Ռազմավարական նպատակը՝ Հայաստանը դարձնել ժամանակակից Պարսից ծոց-Սև ծով միջանցքի առանցքային օղակ։ Այս համատեքստում առաջնահերթ է համարվում «Հյուսիս-հարավ» մայրուղու ավարտումը, ինչպես նաև նոր երկաթուղային նախագծերի իրականացումը՝ Իրան-Հայաստան, Շիրակ-Վանաձոր-Իջևան ուղղություններով, հին երթուղիների վերականգնումը։
Նախագծում առանձնահատուկ տեղ է հատկացվում Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույցի ձևավորմանը՝ գազատարների, ջրատարների, էլեկտրահաղորդման գծերի, ինտերնետային մալուխների, թունելների և տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնի ստեղծմամբ։
Առաջարկվում է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնումը՝ այն դարձնելով Եվրոպա-Ասիա օդային փոխադրումների տարածաշրջանային հանգույց, ինչպես նաև Երևան-օդանավակայան, Զվարթնոցի տաճար, Վաղարշապատ արագընթաց երկաթուղային գծի կառուցումը։
Համաչափ զարգացում և մայրաքաղաքի բեռնաթափում
Նախաձեռնությունը կարևորում է Երևանի գերբեռնվածության նվազեցումը և մարզերի զարգացումը։ Առաջարկվում է պետական որոշ հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ, Երևանի մետրոյի նոր գծերի կառուցում, ինչպես նաև Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան արագընթաց երկաթուղային կապի ստեղծում։
Առանձնացվում է նաև Դիլիջանի զարգացումը՝ կրթական, մշակութային և զբոսաշրջային ուղղություններով, ինչպես նաև նոր «Ուրարտու-Էրեբունի» համալիրի ստեղծումը Երևանում և Անիի պատմամշակութային կլաստերի ձևավորումը։
«Հատիս» նախագիծ
Նախաձեռնության հեղինակները հատուկ ընդգծում են «Հատիս» նախագիծը, որը ներառում է Քրիստոսի արձանի կառուցումը՝ համադրելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Ըստ հեղինակների՝ նախագիծը կարող է դառնալ սոցիալական մոբիլիզացիայի և համատեղ ստեղծագործության հարթակ՝ ներգրավելով անհատների, համայնքների և բիզնեսի լայն շրջանակ։
Էկոլոգիա և կյանքի որակ
Առաջարկվում է «Կանաչ Հայաստան-2035» ծրագիրը՝ վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցմամբ և արտանետումների կրճատմամբ, Սևանա լճի պաշտպանության և վերականգնման միջոցառումներ, ջրային համակարգերի արդիականացում և Երևանի ու արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում։
Իրականացման պայմաններ
Նախաձեռնության համաձայն՝ մեգանախագծերի արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ են պետական պարտքի արդյունավետ կառավարում, պետական-մասնավոր գործընկերության ժամանակակից մոդել, խոշոր արտաքին ներդրումների ներգրավում, օրենքի գերակայության ապահովում և մրցակցային բիզնես միջավայր։ Կարևորվում է նաև մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը և սփյուռքի ներուժի օգտագործումը։
Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ մեգանախագծերը կարող են ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը տարածաշրջանում և ձևավորել երկարաժամկետ զարգացման նոր հիմք Հայաստանի համար։
Ծառուկյանը հայտարարել էր 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին և հանրայնացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ձևաչափը։
