Առողջապահական ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը նշել է, որ 2026-ից ներդրված պարտադիր ապահովագրական համակարգը գործարկվել է թերի հաշվարկներով և առանց բավարար նախապատրաստության, ինչը ոլորտում «քաոս» է ստեղծել։
«Սա առողջապահական քաոս է»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ համապարփակ ապահովագրությունն անհրաժեշտություն է, բայց սխալ ներդրումը բերում է շղթայական խնդիրների։
Պողոսյանի խոսքով՝ համակարգի ներդրումը սոցիալական առումով կարևոր է, սակայն նախապատրաստական աշխատանք, ըստ նրա, չի կատարվել։
Փորձագետի դիտարկմամբ՝ համակարգին պատրաստ չէին թե՛ ենթակառուցվածքները, թե՛ սպասարկման մեխանիզմները, ինչի արդյունքում քաղաքացիները հաճախ չեն հասկանում ինչպես դիմել, իսկ բուժհաստատությունները չեն կողմնորոշվում ինչպես սպասարկել։
Նա նշել է նաև թվայնացման և տվյալների փոխանակման խնդիրների մասին՝ ընդգծելով, որ խափանումները միայն ArMed-ով չեն սահմանափակվում։
«Ոչ միայն ArMed համակարգը խնդիր ունի, այլ ընդհանրապես էլեկտրոնային համակարգը՝ հարկայինից, պետռեգիստրից և այլ համակարգերից տեղեկատվություն ստանալու մասով»,- հավելել է մասնագետը։
Պողոսյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ քաղաքացին վճարում է, բայց համակարգում ապահովագրված չի երևում, և տարբեր կառույցներ պատասխանատվությունը միմյանց վրա են դնում, ինչի պատճառով մարդիկ վճարում են, բայց չեն կարողանում օգտվել ծառայություններից։
Ստվերային վճարումների թեմային անդրադառնալով՝ փորձագետը վստահեցրել է, որ դրանք չեն վերանալու, քանի որ փոխհատուցումները հաճախ «ինքնարժեքից ցածր են դրված»։ Նրա խոսքով՝ սա բերելու է երկու հետևանքի։ Ըստ նրա՝ սև շրջանառությունը շարունակելու է մնալ և ավելի խորանալ․ կա՛մ հիվանդից հավելյալ գումար են վերցնելու, մյուս տարբերակով՝ բժիշկները դուրս են գալու հիվանդանոցներից, արտագաղթելու են կամ գնալու են մասնավոր հիվանդանոցներ, որոնք չեն ուզում ապահովագրությամբ աշխատել։
«Բժիշկներն ասում են՝ տաքսի քշելն ավելի է ձեռք տալիս»,- ընդգծել է նա։
Ապահովագրավճարների մասով Պողոսյանը կանխատեսել է հնարավոր բարձրացում՝ նշելով, որ ներկայիս գումարը հիմնավորված հաշվարկներով հանրությանը ներկայացված չէ։
«129 800 դրամն անհասկանալի, չհաշվարկված թիվ է»,- ասել է նա՝ չբացառելով, որ 2027-ից այն կարող են բարձրացվել մինչև 164 000 դրամ։
Միաժամանակ նա կանխատեսել է բյուջետային ճնշում և հերթագրման ռիսկ։
«Քաղաքացիները եթե առաջ լսում էին՝ պետպատվերը վերջացել է, հիմա նրանց ասելու են՝ ապահովագրական գումար չկա, հերթագրվեք»,- շեշտել է փորձագետը։
«Շտապօգնության» բեռնաթափման թեմայով փորձագետը քննադատել է նախարարության քայլերը՝ շեշտելով, որ «ութ կանչի» սահմանափակման տրամաբանությունը հասկանալի չէ, իսկ «մոպեդներով շտապ օգնության» գաղափարը վտանգավոր է։
«Սա աբսուրդ է»,- ասել է Պողոսյանը՝ նշելով, որ նախագծով նույնիսկ նախատեսվում են նարկոտիկ ցավազրկողների տեղափոխման պահանջներ, ինչը, նրա խոսքով, ռիսկեր է ստեղծում նաև բժիշկների անվտանգության համար։
Նա հավելել է, որ նման մոտեցումները չեն կարող փոխարինել շտապօգնությանը և կարող են հանգեցնել ժամանակի կորստի՝ օրինակ ինսուլտի դեպքում, երբ «առաջին մի քանի ժամերը շատ կարևոր են»։
Պոլիկլինիկաներում հերթերի պատճառների մասին խոսելով՝ Պողոսյանը դրանք կապել է վերջին տարիների «օպտիմալացման» հետ։ Նա նաև նշել է, որ նոր կարգավորումներով և համակարգային խափանումներով մարդկանց համար հասանելիությունը վատացել է՝ «շատերը չեն կարողանում ArMed մուտք գործել», իսկ զանգերը հաճախ «15-20 րոպե» մնում են անպատասխան։
Դեղորայքի շուկայի մասով փորձագետը նշել է, որ շուկան բավարար չափով չի կարգավորվում պետության կողմից, ինչի հետևանքով «անդադար դեղերի գների աճ կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
