Հովհաննիսյանը կարևորել է պարենային համակարգերի հզորացումը

Հովհաննիսյանը կարևորել է պարենային համակարգերի հզորացումը

17 փետրվարի 2026 – 11:48 AMT

PanARMENIAN.Net – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը Տնտեսական և սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը ընդգծել է գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացման կենսական նշանակությունը՝ պարենային անվտանգության և սնուցման ապահովման, դիմակայուն տնտեսությունների ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ավելացված արժեքի բարձրացման և առևտրային մրցունակության խթանման համար, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Նա նշել է, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը դարձել են կենսաբազմազանության ոլորտում իրականացվող գործողությունների առանցքային հենասյուներից մեկը՝ միավորելով պարենային անվտանգությունը, կլիմայական դիմակայունությունը, գյուղական զարգացումը, աղքատության նվազեցումը և էկոհամակարգերի ամբողջականության պահպանումը։

Դեսպանն ընդգծել է նաև, որ COP17-ի Հայաստանի նախագահության շրջանակում նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության քարտուղարությունների հետ՝ կյանքի կոչելու նախաձեռնություններ, որոնք կուժեղացնեն ագրոպարենային համակարգերի դերակատարությունը կենսաբազմազանության պահպանման գործում և կաջակցեն բնական ռեսուրսների առավել կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ քայլերին։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a Comment