Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնական այցով ընդունել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով պաշտոնյային։
Կոնստանտինովը նշել է, որ Ղրիմը կցանկանար տեսնել Թրամփին թերակղզում և ցույց տալ նրան, թե ինչպիսին էր տարածաշրջանը նախկինում և ինչ փոփոխությունների է հասել վերջին տարիներին։ Նա հավելել է, որ ղրիմցիները հետաքրքրված են օտարերկրյա քաղաքական գործիչների հետ անմիջական երկխոսությամբ, ովքեր կարող են «սթափ և օբյեկտիվորեն» գնահատել ներկայիս իրադարձությունները։
Թրամփը 2025 թվականի ապրիլին հայտարարել էր, որ Ղրիմի թերակղզին «կմնա Ռուսաստանի կազմում»՝ որպես Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործարքի մաս։ Նա հավելել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նույնպես հասկանում է դա։
Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմել 2014 թվականի մարտին Ուկրաինայում իշխանափոխության ֆոնին անցկացված հանրաքվեից հետո։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի 95,6%-ը քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ Ուկրաինան շարունակում է թերակղզին համարել ժամանակավորապես օկուպացված տարածք։ Այս մոտեցումը պաշտպանում է արևմտյան երկրների մեծ մասը։ Ռուսաստանի ղեկավարությունը, իր հերթին, պնդում է, որ հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։
