«ՀայաՔվե»-ն միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցությամբ հունիսի 7-ին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ կուսակցության համագումարում հաստատվել են կանոնադրությունը, քաղաքական ծրագիրը և ղեկավար մարմինները։
Չալաբյանի խոսքով՝ 2023թ. ապրիլին մեկնարկել էր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրա միջոցով պաշտպանել վիրավոր Արցախը, ինչպես նաև հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
«Թեև քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբն Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը՝ փորձելով առհավետ փակել Արցախի էջը»,- գրել է նա:
Չալաբյանը մանրամասնել է, որ 2024 թվականի սեպտեմբերին նախաձեռնությունը վերակազմավորվել է որպես ազգային-քաղաքական միավորում՝ ստանձնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության հարցերով զբաղվելու պատասխանատվությունը:
«2025 թվականն անցավ թեժ պայքարի մեջ, մշտապես գտնվում էինք պայքարի առաջին գծում, մեր հետևողական գործունեությանը խոչընդոտելու համար նույնիսկ վարչախմբի կողմից առանձին օրենք ընդունվեց»,- ընդգծել է նա:
Չալաբյանը տեղեկացրել է, որ երեկ կայացել է միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը:
«Մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը, և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար»,- հայտնել է նա:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլն:
