Խաղաղության խորհուրդը 5 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի վերականգնման համար

«Խաղաղության խորհրդի» անդամ երկրները մտադիր են հայտարարել Գազայի հատվածի վերականգնման և հումանիտար ծրագրերի համար ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Այս մասին Truth Social հարթակում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ նրա՝ համապատասխան հայտարարությունը կհնչի խորհրդի առաջին պաշտոնական նիստի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 19-ին Թրամփի Խաղաղության ինստիտուտում։

Սպասվում է ավելի քան 20 երկրների պատվիրակությունների մասնակցություն, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ մասնակից երկրները պատրաստ են հազարավոր աշխատակիցներ ուղարկել պաղեստինյան անկլավ՝ ՄԱԿ-ի կողմից արտոնված կայունացման ուժերի և տեղական ոստիկանության կազմում ընդգրկվելու համար։

Հայաստանը հունվարի 22-ին դարձավ 19 երկրներից մեկը, որոնք ստորագրեցին «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին փաստաթուղթը։

Թրամփի նախաձեռնությունը ենթադրում է միջազգային հարթակի ձևավորում Գազայի հակամարտության կարգավորման համար՝ հետագայում մանդատը այլ ճգնաժամերի վրա տարածելու հնարավորությամբ։

«Խաղաղության խորհրդի» ստեղծումն արժանացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դադարեցման Թրամփի վարչակազմի պլանի շրջանակում։

Թեև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերին, կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են դրա խախտման մեջ։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զինադադարի հաստատումից ի վեր անկլավում զոհվել է ավելի քան 590 պաղեստինցի, իսկ Իսրայելը հայտնել է նույն ժամանակահատվածում իր չորս զինծառայողների մահվան մասին։

Leave a Comment