Հայաստանյայց Առաքելական եկեղեցին փետրվարի 15-ին նշում է Բուն Բարեկենդանը։
Բուն Բարեկենդանը Մեծ պահքի նախորդող վերջին կիրակին է և խորհրդանշում է երկրային ուրախ կյանքի ավարտն ու հոգևոր պատրաստությունը՝ պահքի շրջանին ընդառաջ։ Այն հիշեցնում է դրախտային երանությունը, որտեղ մարդը ապրում էր Աստծո հետ անմիջական հաղորդակցության մեջ, մինչև անկումը։
Այս օրը եկեղեցական օրացույցում շարժական է և կախված է Սուրբ Հարության տոնից։ Բուն Բարեկենդանից հետո սկսվում է յոթշաբաթյա Մեծ պահքը, որը հավատացյալներին կոչ է անում զսպվածության, ապաշխարության և ներքին վերափոխման։
Հայկական ժողովրդական ավանդույթում Բարեկենդանը նշվել է խրախճանքով, խաղերով ու դիմակահանդեսներով՝ որպես հրաժեշտ աշխարհիկ ուրախություններին մինչև պահքի խստությունը։ Սակայն եկեղեցու ընկալմամբ այն նախ և առաջ հոգևոր խորհրդի օր է՝ ուրախությունից դեպի զղջում և ինքնաքննություն անցման սահմանագիծ։
