ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, թե Ռուսաստանի որոշ շրջանակներ ձգտում են թշնամություն պահպանել Հայաստանի և նրա հարևանների միջև:
«Պարոն Փաշինյանը, ով դեռ 2005-ին կոչ էր արել «մոռանալ հերոսականը», ինչպես միշտ հիվանդ գլխից տեղափոխում է առողջին. ոչ թե Ռուսաստանն է հորինել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում, այլ մինչ այդ հայ ժողովրդի՝ թուրք սուլթանների և պարսկական շահի հետ բախումներում գոյատևելու համար մղվող մշտական պայքարի պատմությունն է։ Մենք կարիք չունենք հորինելու հայերի թշնամանքը հարևանների հետ, որպեսզի ինքներս հաստատվենք Կովկասում: Մենք այդ Կովկաս ենք եկել հայերի և վրացիների հրավերով, որպեսզի պաշտպանենք նրանց 18-րդ դարում»,- հիշեցրել է Զվատուլինը։
Նա հաջողություն է մաղթել «Փաշինյանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության մեջ»: Պատգամավորի խոսքով՝ «2020 և 2023 թվականներին այդ բարեկամության մեջ, Փաշինյանի օրոք, արդեն կարելի էր համոզվել»։
«Եթե իմ խոսքերը բավարար չեն, թող հարցնի 120 հազար ղարաբաղցիներից յուրաքանչյուրին, որոնք Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ փախստական են դարձել», – ընդգծել է Զատուլինը:
Փաշինյանը, մեկնաբանելով Զատուլինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից 5 մլրդ դոլարի մասին խոսքերը, հայտարարել է, որ Հայաստանի խաղաղությունը հարևանների հետ ձեռնտու է անկախ պետությանը, իսկ թշնամանքի պահպանումը մեծացնում է կախվածությունը Ռուսաստանից:
Նա հավելել է, որ շատ քաղաքական գործիչներ և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներ չեն կիսում այս հայեցակարգը: «Ես վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, Միխայիլ Միշուստինը և կառավարության շատ ներկայացուցիչներ չեն կիսում այդ կարծիքը», – ասել է նա:
Փաշինյանը նաև նշել էր, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիները կորոշեն՝ վստահել աշխարհի իրենց տեսլականին, թե «Զատուլինի աչքերին»: Նրա խոսքով՝ 2026-ից հետո չեն մնա քաղաքականության վրա ազդող օլիգարխներ և նախկին նախագահները, իսկ Հայաստանի պատմությունը կվերադառնա իր ակունքներին, որոնք ընդհատվել են 374 թվականին Պապ թագավորի սպանությամբ:
«Հայաստանն ու հայ ժողովուրդը կվերադառնան իրենց պատմությանը», – ամփոփել է վարչապետը:
