Փաշինյան. Հուսով եմ՝ սահմանազատված որևէ հատվածում Ադրբեջանի հետ համատեղ շուկա ստեղծելու որոշում կկայացնենք

Փաշինյան. Հուսով եմ՝ սահմանազատված որևէ հատվածում Ադրբեջանի հետ համատեղ շուկա ստեղծելու որոշում կկայացնենք

14 փետրվարի 2026 – 10:15 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է՝ մոտ ապագայում Ադրբեջանի հետ համատեղ առևտրային հարթակ հիմնելու որոշում կընդունվի սահմանազատված հատվածներից մեկում։

«Սահմանազատված հատված կա, և ինչո՞ւ չի կարող դառնալ անցման կետ երկու կողմերից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներից որևէ մեկում, ամեն մեկս մեր կողմում, համատեղ շուկա կամ առևտրի պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք և կիրականացնենք այդ որոշումը։ Նախադեպը կա, ցամաքային հատում է տեղի ունեցել սահմանազատված հատվածի՝ երկու երկրների օրենսդրությանը համապատասխան, ինչը շատ լավ է»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:

Փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի նախաձեռնության հիմնական մասնակիցներից, քննարկմանը ներգրավվելու է նաև երկու կողմերից ավելի ընդլայնված կազմ։

Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր սահմանված ընթացակարգերը։ Այս քայլը գնահատվել է որպես երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված կարևոր գործնական առաջընթաց։

Հանդիպումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկելու են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացները։ Առանձին նիստերը կենտրոնանալու են ձևավորվող տարածաշրջանային անվտանգության համակարգի, խաղաղության հնարավոր շահերի, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության խորացման գործում քաղաքացիական հասարակության նշանակալի դերի վրա։

Leave a Comment