Վարդանյան․ Հասել ենք մի վիճակի, երբ ՀՀ-ում խոսում ենք հայկականության պահպանման մասին

Վարդանյան․ Հասել ենք մի վիճակի, երբ ՀՀ-ում խոսում ենք հայկականության պահպանման մասին

13 փետրվարի 2026 – 18:54 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրակարգ է դարձել հայկական ինքնության պահպանման հարցը:

«Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության պահպանման անհրաժեշտության մասին։ Սա է առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Վարդանյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է հստակ բաժանարար գիծ․ մի կողմում նրանք են, ովքեր պայքարել են ինքնության դեմ, մյուս կողմում՝ անկախ տարբերություններից, կանգնած են ինքնությունը կրողներն ու պաշտպանողները։

«Հայաստանում մտածում ենք, ո՞նց դիմագրավենք հայկական ինքնության դեմ արշավին, ո՞նց պահպանենք այն, դրա համար հայտնվում է թիրախում նաև եկեղեցին։ Առաջիկայում տեսնելու ենք այս արշավի սաստկացում։ Մինչև հունիսի 7-ը մենք տեսնելու ենք նման գործողություններ, գուցե գործիքակազմերը փոխեն»,-ասել է պատգամավորն ու նկատեց, որ ՔՊ-ն ընտրություններում ստացած ձայները կարող է մեկնաբանել որպես ինդուլգենցիա կաթողիկոսի դեմ գործողությունների համար։

Նա անդրադարձել է նաև Վաղարշապատում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ ՔՊ-ն իր թեկնածուի հաղթանակը ներկայացրել է որպես կանաչ լույս եկեղեցու դեմ քայլերի համար։

«Արդեն հայտարարվել է, որ մարտին մենք ունենալու ենք Ալիևի պահանջած Սահմանադրության նախագիծը։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ որևէ մեկդ չի ուզում Ալիևի Սահմանադրությունն ունենալ, բայց ձեր քվեն ՔՊ-ին այդպես է մեկնաբանվելու, ձեր՝ ընտրություններին չմասնակցելը մեկնաբանվելու է, որ կողմ եք արդյունքներին։ Հունիսի 7-ին մենք կանգնելու ենք ինչի՞ առջև. Ալիևի Սահմանադրությանը կողմ լինելու, թե՞ դեմ, ինքնության դեմ արշավին համաձայնվելո՞ւ, թե մերժելու»,-ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ նշված հարցում անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի համագործակցությունը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment