13 փետրվարի 2026 – 16:41 AMT
PanARMENIAN.Net – Արցախից բռնի տեղահանված մոտ 30,000 անձ է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«20,769 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, բացի դրանից՝ 9715 անչափահաս էլ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել անձնագրավորման միջոցով։ Այսինքն մոտ 30, 000 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Այս թվի գերակշիռ մասը հենց 2025 թվականի երկրորդ կիսամյակում դիմած անձինք են, երբ մենք հեշտացրինք այդ գործիքը։ Եթե նախկինում 40-50 դիմում էր լինում, ապա այսօր պլատֆորմում օրական 200 դիմում է ստացվում»,- ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ մինչև այս պահը մերժման որևէ դեպք չի արձանագրվել։
Ըստ նախարարի՝ տարվա սկզբից արդեն 1000 դիմում է ստացվել բռնի տեղահանված անձանցից։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115,365 մարդ է բռնի տեղահանվել։